Թուրքական «Milliyet» օրաթերթի սյունակագիր Գյուների Ջըվաօղլուն համեմատական է անցկացրել 1962 թվականի Կուբայի շուրջ զարգացած իրադարձությունների եւ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի միջեւ։ Ստորեւ ներկայացվում է հրապարակված ամբողջական հոդվածը։
«Անկարա, հոկտեմբերի 22, 1962 թվական։ Դեռ մի քանի ամսվա լրագրող եմ։ Վարչապետի նստավայրի դիմաց մի խումբ լրագրողներով սպասում ենք։ Աշխարհը մեծ ճգնաժամի մեջ է։
Միջազգային մեդիան խոսում է «աշխարհի վերջի» մասին։ Մեծ ճգնաժամի մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում՝ Կուբան։ ԱՄՆ նախագահ Քենեդին այդ օրը հեռուստատեսությամբ հայտնել էր, որ «նավատորմը շրջափակել է Կուբան»։ Հայտարարել էր, որ «Խորհրդային Միության նավերը, որոնք կկարողանան թափանցել Կուբայի սեւ ջրերը, գնդակոծվելու են»։
Պատճառ
«ԱՄՆ որոնողական ինքնաթիռներն ամրագրել էին, որ Խորհրդային Միությունը միջուկային զենքի համար հարթակներ է կառուցում»։ Այս միջուկային զենքն ունենալու էր այնպիսի հզորության միջակայք, որ կարող էր հարվածել Վաշինգտոնին ու ԱՄՆ մի քանի այլ նահանգների եւս։ Բնականաբար, սրա շինարարությունը ոչ մի կերպ չէր կարող ընդունելի լինել։
Բացի այդ՝ հայտնում էին, որ «եթե այս միջուկային զենքը չչեզոքացվի, սա կդիտվի որպես պատերազմի բաց հայտարարություն Ռուսաստանի կողմից»։
Նախարարները ժամերով ժողով էին անում, մենք էլ սոված-ծարավ սպասում էինք։ Ասում էին, որ Թուրքիայում էլ ԱՄՆ միջուկային զենք է տեղադրված, ու պատերազմական վիճակում Ռուսաստանը կարող է հարված հասցնել Թուրքիային՝ որպես միջուկային զենք ունեցող երկրի։
Թուրքիան «Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ չներքաշելու հաջողություն ունեցած» դիվանագիտության մեծ գիտակ վարչապետ Իսմեթ Ինոնյուն արդյոք կկարողանա՞ր այս անգամ էլ աշխարհի վերջը բերող այս պատմության միջից Թուրքիային փրկել։
Փոխհամաձայնություն
Սրան հետեւեց Խորհրդային Միության լիդեր Խրուշչովի պատասխանը․ «Խորհրդային Միությունը Կուբայից կհանի միջուկային հրթիռները միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն իրավական երաշխիք ներկայացնի, որ այլեւս երբեք Կուբան չի գրավելու»։
Բացի այդ, «ի պատասխան Կուբայից միջուկային հրթիռների դուրսբերման քայլի, ԱՄՆ-ը պարտավորվում է Թուրքիայում տեղադրած միջուկային հրթիռները եւս դուրս բերել»:
Փոխհամաձայնության այս առաջարկին նախագահ Քենեդիի պատասխանը բավականին ուշացավ։
Լարվածությունն ավելի էր աճել։
Եվ մինչ սպասում էինք այս «փոխհամաձայնության» առաջարկի պատասխանին, պատմեմ եւս երկու կարեւոր իրադարձության մասին։
Երկու փաստաթուղթ
Նախ Թուրքիային վերաբերողը․ Քենեդին ընդունեց Խրուշչովի՝ «փոխհամաձայնության» առաջարկը։ Բայց պայման դրեց. «Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Թուրքիային այդ հարցում կես ճանապարհին մենակ են թողնում, Անատոլիայում տեղադրված միջուկային հրթիռները հեռացնելու վերաբերյալ լուրը պետք է գաղտնի մնար»։
Եվ իսկապես, ԱՄՆ-ը Թուրքիային եւ Իտալիային տեղեկացրեց, որ «իրենց տարածքներում տեղադրված միջուկային զենքերը հեռացվում են, որովհետեւ դրանք արդեն հնացել են»։
Բոլորը սպասում էին հոկտեմբերի 28-ի առավոտյան ռուսական «Մոսկվա» ռադիոյով ժամը 09:00-ին Խրուշչովի հայտարարությանը: «Խորհրդային ուժերը Կուբայի տարածքում տեղադրված միջուկային հրթիռները հեռացնում են»,-հայտնեց Խրուշչովը։
Խրուշչովի այս հայտարարությանը հետեւեց Քենեդու հայտարարությունը։
Եվ մյուս գաղտնի փաստաթուղթը․1962 թվականի հոկտեմբերի 22-27-ին Կարիբյան ծովի խորքերում բախում էր տեղի ունեցել։ ԱՄՆ USS Beale կործանիչը ծովի խորքերում նավարկող խորհրդային սուզանավ էր նկատել։
Շրջափակման նպատակով խորհրդային B-59 սուզանավին հարվածել էր ջրային ռումբերով։ Բայց ամերիկյան կործանիչի կապիտանն ու նավաստիները տեղյակ չէին, որ նշանառության տակ գտնվող սուզանավը «15 կիլոտոննա քաշով միջուկային հրթիռ է տեղափոխում»։
Սուզանավի թթվածնի պաշարները սպառվում էին, իսկ ԱՄՆ-ի կործանիչը թույլ չէր տալիս դուրս գալ ծովի մակերեւույթ։ B-59 սուզանավի անձնակազմը գտնում էր՝ «ավելի լավ է մենք մեռնենք, բայց միջուկային զենքը պայթեցնելով սրանց մի լավ դաս տանք»։ Բայց նավի կապիտան Վասիլի Ալեքսանդրովիչ Արխիպովը սթափեցնող խոսքերով հանգստացնում է նավի անձնակազմին՝ «Մեր միակ տարբերակը հանձնվելն է», եւ անձնակազմին համոզում հանձնվել։ Գուցե հենց սրանով Արխիպովը փրկեց աշխարհը միջուկային պատերազմից։
Կուբայում գտնվող միջուկային հրթիռները բեռնվեցին վեց խորհրդային նավերի մեջ ու հետ ուղարկվեցին Խորհրդային Միություն։ Կուբայի ճգնաժամից հետո Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ ստեղծվեց կարմիր հեռախոսագիծ։
Կուբան եւ Ուկրաինան
Անցել է 60 տարի։ Ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միությունը ԱՄՆ-ից գրավոր երաշխիք պահանջեց, ըստ որի՝ ԱՄՆ-ը երբեք չէր գրավելու Կուբան, հիմա էլ Ռուսաստանը նման «գրավոր երաշխիքներ» է պահանջում ԱՄՆ-ից.
- Ուկրաինան երբեք չպետք է դառնա ՆԱՏՕ անդամ երկիր:
- Գրավոր երաշխիք այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս կբերի 1997-ից այս կողմ նախկին խորհրդային երկրներում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը։
Ու նորից աշխարհը շունչը պահած սպասում է։ Իսկ եթե Ռուսաստանը գրավի՞ Ուկրաինան։
Բարեբախտաբար, ԱՄՆ-ի գլխին կանգնած է «պատերազմով պատասխան չի տրվելու» ասող սթափ մի նախագահ։ Ռուսաստանն էլ ղեկավարում է փորձառու, կիրթ, աշխարհի լիդերների շարքում խիստ հարգված Պուտինը։
Մոսկվայի բազեները
Բայց կա մեկ այլ խնդիր․ վտանգը Պուտինի մերձավոր շրջանակն է։
Երեկվա «New York Times»-ի վերլուծություններից մեկում արտացոլված էր այս կասկածը՝ «Պուտինի ականջին տիրող կոշտ խորհրդականները․․․» վերնագրով։ Հաջորդող տողերն էլ հետեւյալն են․ «Նախագահի շրջապատում գտնվող անվտանգության պատասխանատու պաշտոնյաներն ուժեղացել են։ Նրանք ցույց են տալիս Պուտինի էվոլյուցիան՝ 2000-ականների սկզբին Արեւմուտքը որպես ընկեր դիտարկող երիտասարդ ղեկավարից՝ շրջապատված առաջադեմ լիբերալ խորհրդականներով, այժմյան սպառնալիքներ հնչեցնող մի մարդու փոխակերպումը»։
Ուկրաինայի ճգնաժամի առաջին իսկ օրվանից Պուտինը գրեթե ամեն օր ելույթ է ունենում մեդիայում, բայց Ուկրաինայի վերաբերյալ դեռ բառ անգամ չի արտաբերել»։
Հոդվածը գրելիս հեղինակն օգտվել է «ALL ABOUT HISTORY» ամսագրից։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը