Ըստ France-Presse գործակալության՝ փետրվարի 1-ից Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները։ Երկրում կվերաբացվեն գիշերային ակումբներն ու ռեստորանները, դիմակ դնելու պահաջն էլ կկատարվի միայն բուժհաստատություններ այցելելիս։ Այսպիսով` Դանիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որը վերացրեց բոլոր սահմանափակումները։
Երկրի կառավարությունը նման որոշում է ընդունել պատվաստումների բարձր մակարդակի շնորհիվ: Դանիացիների ավելի քան 60 տոկոսն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, մինչդեռ ընդհանուր առմամբ Եվրամիությունում խթանիչ պատվաստում է ստացել բնակիչների 45 տոկոսից պակասը:
Դանիայում օրական գրանցվում է ՔՈՎԻԴ-19-ի շուրջ 40-50 հազար նոր դեպք։ Ըստ առողջապահության պաշտոնյաների գնահատման՝ երկրի բնակչության 80 տոկոսը պաշտպանված է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձեւերից։
Դանիայի առողջապահական վարչությունը խորհուրդ է տալիս չորս օրով ինքնամեկուսացվել միայն թեստի դրական պատասխան ստացածներին։ Վարակակիրների հետ շփվածներն այլեւս չեն ինքնամեկուսացվելու: Ոչ Շենգենյան գոտու երկրներից ժամանող չպատվաստված ճանապարհորդների համար Դանիայի սահմաններին դեռեւս պահպանվում են որոշ սահմանափակումներ:
Դանիայի իշխանությունները չեն նախատեսում վերադառնալ սահմանափակումներին, սակայն զգուշավոր լավատեսություն են դրսեւորում։
«Մենք չենք կարող որեւէ երաշխիք տալ, երբ խոսքը վերաբերում է կենսաբանությանը»,- անցյալ շաբաթ ասել է վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
Տարեսկզբից մի քանի այլ երկրներ եւս սկսել են թուլացնել կարանտինային միջոցառումները։ Մասնավորապես՝ Ավստրիայում փետրվարից գործելուց կդադարի չպատվաստվածների արգելափակումը, իսկ Ֆրանսիայում չեղարկվում են փողոցում դիմակ դնելու պարտադիր պահանջը եւ աշխատողներին հեռավար աշխատանքի տեղափոխելու հանձնարարականը։