Սերժ Սարգսյանն ասում է, թե ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծված չէ, եւ որ «մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է»։ Այսինքն՝ Արցախը դեռ կարող է ինքնորոշվել։ Ակնհայտորեն նախկինները Ղարաբաղի հարցից ուզում են ստանալ «Ցեղասպանության ընդունում», երբ ամբողջ աշխարհից պահանջում էին ճանաչել հայերի ցեղասպանությունը, մինչդեռ պարզ չէր՝ որ ի՞նչ։
Ղարաբաղի խնդիրն իսկապես հանգուցալուծված չէ, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց ո՞վ ասաց, որ հանգուցալուծված չէ հօգուտ Ղարաբաղի հայերի։ Ամբողջ հարցն այն է, որ Արցախի ինքնորոշման պահը բանակցային ճանապարհով բաց է թողնված։ Աշխարհը ինքնորոշման թեմայի կանաչ լույսը կարող է վառել միայն հայերին թույլ տալով ու աջակցելով, որ կրկին ադրբեջանցիներից տարածք գրավենք։ Բանակցային ճանապարհը Հայաստանի առջեւ փակ է, թեպետ գուցե բաց է նույն Ղարաբաղի ու Ադրբեջանի առջեւ։
Ի՞նչ կարող է երաշխավորել Հայաստանը, եթե չկա ադրբեջանցիների մեծահոգությունը՝ շնորհել Արցախին անկախություն։ Անկախության մասին խոսք չի կարող լինել առանց ուժային ռեսուրսների գնահատման։ Մի անգամ չգնահատեցինք։ Տեսանք՝ ինչ եղավ։ Ենթադրենք՝ խրատվում ենք եղածից ու զինվում ենք։ Ենթադրենք՝ մեր զենքերը բավարար են կրկին տարածքներ գրավելու համար։ Այստեղ ո՞ւր է բանակցային ճանապարհը։ Պարզ է, չէ՞, որ բանակցությունների ամբողջ ընթացքում ադրբեջանցիների աչքն ենք մտցնում այն փաստը, որ կարող ենք ռազմական ճանապարհով վերցնել «մեզ հասանելիքը»։
Մենք, ընդհանրապես, հակամարտության մասի՞ն ենք խոսում, թե՞ ինչ-որ մեկին տված պարտքի, որն ուզում ենք հետ վերցնել, ու դիմացինը դիմադրում է։ Մենք խոսում ենք հակամարտության մասին։ Միջազգային հանրությունը մի անգամ արդեն ցույց տվեց, թե ինչ է նշանակում «ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծված չէ» արտահատությունը։
Հանգուցալուծված չէ՞, հանգուցալուծեք։ Թե՞ այնպիսի բան ունենք առաջարկելու Ադրբեջանին, որ նա քարը փեշից թափում է ու ասում է՝ ձեզ լինի։ «Ձեզ լինի» ասելու համար Ադրբեջանը պետք է տեսնի, թե ինչքան վատ կլինի, եթե «մեզ չլինի»։
Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծված չէ, ո՞նց է պատկերացնում հանգուցալուծումը։ Կռիվը հենց այդ պատճառով եղավ, որ մենք չէինք պատկերացնում։ Նիկոլը չի պատկերացնում ու մի կողմ է քաշվել։ Նիկոլն իսկապես ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Որովհետեւ մարդը պարտվել է։ 4 հազար հոգու գլուխ կերավ պատկերացում չունենալը չխոստովանելով ու այս թեման հանգիստ թողեց։ Դուք հո հաղթած էիք։
Սերժ Սարգսյանը երեկ հարցնում էր՝ դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը։ Բայց էդ պաշտոնատար անձինք փակել են Ղարաբաղի հարցը ու անցել խաղաղության դարաշրջանին, նրանց համար Ղարաբաղի հարց չկա։
Ինչպես Բուլգակովի հերոսը՝ դիվային Կորովեւն է ասում՝ չի էլ եղել։ Հայաստանը Ղարաբաղի հարցին կարող է վերադառնալ միայն այնպիսի «առաջարկ» դնելով, որից Ադրբեջանը չի կարող հրաժարվել։ Իսկ Սերժ Սարգսյանը եւ միջազգային հանրությունն այդպիսի առաջարկ չունեն։ Առաջարկի փոխարեն լինելու է դատավճիռ կողմերից մեկի օգտին։ Ու այդ դատավճռի հետ, եթե պետք եղավ, Ադրբեջանն էլ կապ չի ունենա։ Հայաստանի մասին էլ խոսք չկա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: