Նրանք ունեն էքսպրեսիվ ժեստիկուլյացիա եւ դիտում են սուրդոթարգմանությամբ նորություններ, ահա, թերեւս, այն ամենը, ինչ մենք գիտենք լսողության խնդիրներ ունեցող մարդկանց մասին։ Կյանքը մի աշխարհում, որտեղ գրեթե ամբողջությամբ բացակայում են հնչյունները, աներեւակայելի բարդ մարտահրավեր է ցանկացած մարդու համար:
«Կույրերն առարկաներից են կտրված, խուլերը՝ մարդկանցից»,- ասում է ամերիկուհի կույր գրող Հելեն Քելլերը:
Կյանքը գերհագեցած է ձայնային տեղեկատվությամբ. առավոտյան արթնանում ենք զարթուցիչով, խանութում բացատրում ենք վաճառողին, թե ինչ է մեզ հարկավոր… Այս աշխարհն ինչ-որ չափով անհասանելի է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Այո՛, նրանց համար արտադրում են վիբրացիայով աշխատող հատուկ զարթուցիչներ, տրանսպորտում օգնում է վազող տողը՝ կանգառների անուններով, բայց միեւնույնն է, դժվարությունները դեռ մնում են:
«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Արտաշես Հովհաննիսյանը, որն ունի լսողության խնդիրներ, չնայած թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում իրեն հանդիպած դժվարություններին, այսօր զբաղված է երեք ոլորտներում՝ տեխնոլոգիա, ձեռնարկատիրություն եւ իրավունքի պաշտպանություն:
Նա շատ դժվար ճանապարհով ավարտել է թիվ 151-րդ դպրոցը: Այդ տարիներին ներառական կրթություն չկար: Ապա ավարտել է Պոլիտեխնիկի (ՀՊՃՀ) Քոմփյութերային համակարգի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը: Արտաշեսն ասում է, որ շատ խոչընդոտներ են եղել անմատչելիության պատճառով: Սովորելու ընթացքում բացթողումներ է ունեցել, բայց ավարտելուց հետո փորձել է ինքնուրույն լրացնել եւ ամրապնդել մասնագիտական գիտելիքները, սակայն ծրագրավորման աշխատանք ՏՏ ոլորտում չի կարողացել գտնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների մասին գործատուների ցածր իրազեկվածության պատճառով:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում աշխատելու ընթացքում սկսել է ծանոթանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին եւ պաշտպանել նրանց՝ ստեղծելով հասարակական կազմակերպություն: Արտաշեսը մասնակցել է Ստրասբուրգում կարողությունների զարգացման դասընթացին եւ ծանոթացել է օգտակար խոսքը տեքստի վերածող տեխնոլոգիային, որը կփոխի լսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքը: Այդ գաղափարը բերել է Հայաստան: Այն արդեն հայացված է եւ փորձարկվում է:
Լսողության խնդիրներ ունեցող անձանց գերխնդիրը տեղեկատվության եւ հաղորդակցման անմատչելիությունն է: Տիպային տարբեր խմբեր կան` խուլ կամ չլսող, թույլ լսող, ուշ խլացած, կույր-խուլ անձինք:
Հայաստանում խուլ անձինք հաճախ ենթարկվում են խտրականության, զրկվում են լիարժեք կրթությունից եւ աշխատանքի հնարավորությունից: Նրանք կարիք ունեն որակավորված հայկական ժեստերի լեզվի թարգմանիչների, որոնք Հայաստանում դեռ չկան: Թույլ լսող եւ ուշ խլացած անձանց հիմնականում հասանելի չեն որակյալ եւ համապատասխանող լսողական սարքերը։ Լսողական աջակցող սարքի բացակայությունն ազդում է նրանց առօրյա կյանքի վրա:
Արտաշեսն ասում է՝ ներառական կրթությունը, որը շատ կարեւոր է բոլոր երեխաների համար, փորձնական փուլում է, սակայն դեռ լիարժեք կատարելագործված չէ, օրինակ՝ խուլ երեխային չեն տրամադրում հայկական ժեստերի լեզվի թարգմանիչ՝ որպես ուսուցչի օգնական: Թույլ լսող երեխային անհրաժեշտ են խոսքը տեքստի վերածող տեխնոլոգիա եւ լսողական աջակցող սարքեր, որոնք դեռ գոյություն չունեն Հայաստանում եւ ներմուծված չեն:
Եթե տարիներ առաջ ծնողներն էին որոշում լսողական խնդիր ունեցող իրենց երեխաներին տանել հանրակրթական դպրոց, ապա այսօր մեր երկիրը ստանձնել է համընդհանուր ներառականության գաղափարախոսությունը, եւ հատուկ դպրոցները փակման եզրին են: Մի քանի դպրոց է մնացել, որոնցից մեկը Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն է, որտեղ սովորում է 120 աշակերտ: Այս դպրոցի առանձնահատկությունն այն է, որ ուսուցումը կատարվում է ժեստերի լեզվով, որովհետեւ կա չլսող մարդկանց մի խումբ, որոնց համար բառային խոսքի զարգացումն անհնարին է, եւ իրենք կարող են խոսել միայն ժեստերի լեզվով: Հենց այս տրամաբանությամբ է ԼԽՈՒԵ-ն պահպանում է իր գոյության իրավունքը:
ԼԽՈՒԵ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն ասում է, որ ներառական կրթության ոլորտում խնդիրները բազմազան են. «Չգիտեմ պետություն, որն անցել է ներառականության ու չունի խնդիրներ: Գաղափարը լուսավոր է, մարդասիրական, բայց պահանջում է մեթոդաբանության վերանայում: Լուրջ ռեսուրսների խնդիր ունենք՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային: Բայց մեր երկիրը մեծ ճանապարհ է անցել, թեեւ դեռ մնացել են խնդիրներ»:
Կրթահամալիրն ունի աշակերտներ, որոնք գալիս են հանրակրթական դպրոցներից: Առաջին դասարաններում հիմնականում սովորում են 2-3 աշակերտ, իսկ տարիների ընթացքում դասարանները համալրվում են հանրակրթական դպրոցների կրթության որակից դժգոհ երեխաներով:
Ինչո՞ւ են մարդիկ խուսափում իրենց երեխաներին միանգամից հենց այս կրթահամալիր բերելուց, որը միակն է Հայաստանում: Մարզերից շատ երեխաներ պետք է շաբաթներով մնան Երեւանում, ու երեխայից հեռու մնալու հանգամանքն է շատ ժամանակ կանգնեցնում ծնողներին: Որոշ երեխաներ կրթահամալիրում մնում են գիշերակացով, մյուսների հետեւից մարզերից դժվարությամբ գալիս են ամեն օր, իսկ մնացածի ծնողներն էլ Երեւանում բնակարան են վարձում:
Նույն խնդիրներն առկա են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արտաշեսը պնդում է, որ խուլ ուսանողների համար չի ապահովվում մատչելիությունը, օրինակ՝ չկան որակավորում ունեցող հայկական ժեստերի լեզվի թարգմանիչներ:
«Այդ ուսանողները դուրս են մնում լիարժեք կրթությունից եւ ամբողջական ուսուցման ծրագիրը չեն ընկալում: Կան նաեւ դասախոսների հետ հաղորդակցման դժվարություններ: Համալսարաններում նույնպես պետք է ապահովեն հավասար հնարավորություններ ուսուցման ընթացքում»,- ասում է Արտաշեսը:
Իսկ Լուսինե Բաբայանի կարծիքով՝ բուհերում առկա խնդիրների հետեւանքով չլսող երիտասարդները մնում են առանց բարձրագույն կրթության եւ դատապարտված են միջին մասնագիտական որակավորման, որոնցով կարող են միայն օրվա հացը վաստակել: Իսկ եթե ընդունվում են համալսարան, ապա մեծ է լինում ընտանիքի ներգրավվածությունը, որոնք իրենց վրա են վերցնում թարգմանության խնդիրը:
Նույն վիճակն է աշխատանքի ընդունման հարցում, որովհետեւ գործատուն, որը չգիտի ինչպես հաղորդակցվել չլսող մարդու հետ, բնականաբար խուսափում է նրանից: Դրա համար չլսողների շրջանում գործազրկությունը մեծ թիվ է կազմում:
ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում, ինչպես նաեւ 2021 թվականին ընդունված ամբողջական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նոր օրենքում ամրագրված են բոլոր ոլորտներում խտրականության դեմ դրույթներ, որոնք պետք է կիրառվեն:
Լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար այս բոլոր խնդիրները լուծելու եւ դժվարությունները կրճատելու լավագույն ճանապարհը կրթության ոլորտի բարելավումն է եւ նոր մեթոդաբանության ներդրումը: Ժեստերի լեզվի մասնագետների պատրաստումը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ եթե չկան մասնագետներ, ապա ամենալավ գաղափարներն անգամ անհնար է իրականացնել:
Ժեստերի լեզվի տարածումը հանրության շրջանում ամենակարեւորն է: Շատ երկրներում ժեստերի լեզուն դասավանդվում է հանրակրթական դպրոցներում որպես այլընտրանքային լեզու, եւ անգամ լսողության խնդիրներ չունեցող աշակերտներն են սովորում այն եւ հետագայում կարողանում են օգնել չլսող մարդկանց ողջ կյանքի ընթացքում: