«Թուրքիան փորձեց պատերազմ մղել Կովկասում բայց Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում»,-գրում է «The Jerusalem Post» իսրայելական պարբերականի մեկնաբան Սեթ Ջ. Ֆրանցմանը։
Մոսկվայի դերն աճեց այն բանից հետո, երբ Թուրքիան Ադրբեջանին հրահրեց հարձակվել վիճելի տարածքում գտնվող հայերի վրա: Անկարան իր լոբբիստների ջանքերով փորձում էր Վաշինգտոնին համոզել, թե, ներգրավվելով հակամարտության մեջ՝ դեմ է Ռուսաստանին եւ Իրանին։ Բայց հետո պարզ դարձավ, որ Մոսկվան ու Անկարան համատեղ են գործում։
Ռուսաստանի տեսանկյունից, նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների միջեւ այս վեճը կարող է լուծվել խաղաղապահների եւ պատշաճ հսկողության միջոցով:
ԱՄՆ-ն այնքան էր կորցրել իր ազդեցությունը տարածաշրջանում, որ անգամ հարկ չհամարեց Ադրբեջանի եւ Հայաստանի հետ քննարկել հակամարտությունը: Ժամանակին Կովկասի երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունն էին փնտրում, այժմ, սակայն, երեքն էլ նայում են դեպի Մոսկվա, ինչպես պատմականորեն դա անում էին ԽՍՀՄ տարիներին: