Հաշմանդամություն ունեցողների ակտիվ ներգրավվածությունը սպորտում ոչ միայն բուժման եւ վերականգնման միջոց է, այլեւ ինքնագնահատականի բարձրացման, հասարակության օգտակար անդամ դառնալու եւ կյանքի արժանապատիվ կենսամակարդակի, որակի ապահովման կարեւոր պայման:
Ցավոք, մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդիկ հիմնականում դուրս են մնում ակտիվ կյանքից ու ավելի շատ դժվարությունների են հանդիպում, քան առողջական խնդիրներ չունեցողները: Սա շատ ցավալի ու պատշաճ ուշադրության չարժանացած թեմա է:
Շատերն են ամեն կերպ փորձում փոխել պատկերն այս առումով, սակայն նրանց գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները բազմաթիվ են, իսկ օգնության ձեռք մեկնողները՝ եզակի:
2017 թվականից Կույրերի միջազգային ֆեդերացիայի (IBSA) նախաձեռնությամբ Հայաստանում փորձեցին զարգացնել «Կույր ֆուտբոլը»՝ համագործակցելով Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ։ Սական ծրագիրը կանգ առավ մինչև 2019 թվականը։ 2019-ի գարնանը Կույրերի միջազգային ֆեդերացիան սկսեց համագործակցել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, եւ արդեն երեք տարի է՝ Հայաստանում զարգանում է «Կույր ֆուտբոլ» մարզաձեւը։
«Սպորտը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին բարելավելու իր ֆիզիկական վիճակը, զարգացնելու բոլոր այն զգայարանները, որոնք կօգնեն իրեն ապրելու լիարժեք, դառնալու ինքնուրույն, սոցիալիզացվելու, որովհետեւ այսպես նրանք մտնում են հասարակություն, ընկերներ են ձեռք բերում: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ մնում են տանը ու ոչ մի բան չեն անում, ինչի հետեւանքով նրանք շատ այլ խնդիրներ են ունենում: Օրինակ՝ ընկերներ ունենք, ովքեր դրա հետեւանքով ողնաշարի, կեցվածքի խնդիր ունեն, իսկ սպորտով զբաղվելն առողջության ու կայանալու ամենակարեւոր գրավականն է»,- ասում է «Կույր ֆուտբոլ» թիմի ավագ, համակարգող, տիֆլոմանկավարժ Ալլա Սահակյանը:
2019 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միջազգային «Blind football»-ի մարզումներին, որը կազմակերպել էր «IPSA Blind Football» եվրոպական ճամբարը Հունգարիայում:
Հայաստանից մասնակցելու բախտ վիճակվեց Ալլային եւ նրա խաղընկերոջը` Արմանին: «Ինձ համար մեծ պատիվ էր սովորել եւ խաղալ «Blind football», ճանաչել մարզիկներին եւ մարզիչներին: Այնտեղ ես ձեռք բերեցի մեծ փորձ, որը ներկայումս կիրառում եմ Հայաստանում «Blind football»-ը զարգացնելու համար: Մարզաձեւն իմ կյանքի մեծ ձեռքբերումներից է, որն ինձ հնարավորություն տվեց հասնելու կյանքիս երազանքին` խաղալ ֆուտբոլ: Ես Հունգարիայում անցկացրի հրաշալի օրեր, որտեղ ձեռք բերեցի լավ ընկերներ: Նրանց հետ մինչ օրս կապի մեջ ենք»,- հիշում է Ալլան:
Տիֆլոմանկավարժն ասում է՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք հոգեբանորեն դժվարանում են ինտեգրվել սպորտում, որովհետեւ մտածում են, որ կվնասեն իրենց, բայց եթե կանոնները պահպանեն, վնասվածքներ չեն լինի: «Կույր ֆուտբոլի» լուրջ խնդիրներից մեկն այն է, որ չկա ոչ մի մարզադաշտ, որը հարմարեցված կլինի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց՝ չլինի ձայնատեղորոշում, լինեն նրբատախտակներ, որ մարզիկները չվնասվեն:
«Ֆուտբոլի ֆեդերացիան տալիս է պարապելու համար բոլոր միջոցները, սակայն եթե հետագայում հնարավոր լինի ունենալ հարմարավետ մարզադաշտ, ու պետությունը ներառական սպորտին ավելի լուրջ վերաբերվի, շատ լավ կլինի: Պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել, բայց դեռ լիքը անելիք ունենք»,- ասում է Ալլան:
«Կույրերի շախմատն» ու «Կույրերի սեղանի թենիսը» Հայաստանում գործում են արդեն 5 տարի: Դրանք առաջինն էին տարածաշրջանում: Սակայն Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի միավորման մշակույթի տունը՝ բոլոր հնարավորություններով եւ հարմարություններով, ունի մեկ կարեւոր խոչընդոտ՝ անդամների տեղաշարժման խնդիրը: Նախկինում հանրային տրանսպորտից նրանք անվճար էին օգտվում, իսկ այժմ շատերի համար արդեն դժվար է մարզերից հասնել Երեւան:
«Այժմ տեսողական խնդիրներ ունեցողները, ասես, տնային կալանքի տակ են, տեղաշարժման խնդիր կա: Եթե միայն այդ հարցը լուծվի, հրաշք կկատարվի, նրանց կյանք աշխուժություն կմտնի, եւ այն 90 տոկոսով կփոխվի: Այժմ օրական 10-15 մարդ է ամենաշատը հաճախում մշակույթի տուն, այն էլ նրանք, ովքեր մոտ են բնակվում: Սա կարեւոր է նաեւ այն մարդկանց համար, ովքեր նոր են կուրացել՝ կյանքը շարունակել, նոր հետաքրքրություն գտնել»,- ասում է մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:
Հայաստանի «Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան» հիմնադրվել է 2019 թվականին: «Ես առաջին անգամ չցանկանալով եմ գնացել, ընկերներիս խաթր ու հիմա շատ ուրախ եմ, որ նրանք ինձ համոզեցին: Իմ փորձով կարող եմ ասել, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է զբաղվել սպորտով, որն օգնում է հոգեբանական բարդ վիճակից դուրս գալու, առողջությունը պահպանելու ու սոցիալիզացվելու հարցերում»,- պատմում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանը։
Նա պատմում է, որ առաջին պարապմունքի ժամանակ խաղում էին ութհարյուրդրամանոց գնդակով: Այն այնքան կոպիտ էր, որ վնասում էր մատները, սակայն այսօր խաղում են պրոֆեսիոնալ ու թանկարժեք գնդակներով, ունեն հարմարեցված անվասայլակներ, որոնցով խաղում է ԱՄՆ-ի հավաքականը:
Ֆեդերացիան ստեղծման պահին ուներ միայն մեկ ակումբ մայրաքաղաքում, բայց այսօր ակումբներ կան Վանաձորում, Գյումրիում, երկուսը՝ Երեւանում: Գործում է նաեւ «Անվասայլակներով բասկետբոլի մանկապատանեկան ակումբը»:
Թիմի անդամները հավաքվում են պարապմունքից 1 ժամ առաջ, որ միմյանց հետ զրուցեն, կարոտներն առնեն: Միմյանց օգնում են, անգամ աշխատանքի տեղավորման հարցում:
«Որքան էլ մինչ այսօր դժվար է եղել, այսօր մենք, կարելի է ասել, չունենք խնդիր, իսկ առաջացած դժվարությունները փորձում ենք վերացնել համատեղ ուժերով»,- ասում է Հովհաննեսը:
Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիան գործում է 2014 թվականից: Ֆեդերացիայի նախագահը Կամո Դավթյանն է: 1995 թվականին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով նա կորցրել է ձեռքերը, բայց նպատակասլացությունը եւ թենիսի նկատմամբ մեծ սերն օգնել են ռակետը բռնելու նոր տարբերակներ գտնել:
Այս տարիների ընթացքում ֆեդերացիան Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել է առաջնություններ, գավաթի խաղարկություններ, բացի դրանից՝ մասնակցել են բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Տարիների աշխատանքն աստիճանաբար արդյունք է տալիս: Տարեցտարի ավելանում են մարզաձեւով հետաքրքրվողները, եւ նրանց գրանցած արդյունքները բարելավվում են:
Կամո Դավթյանն ասում է՝ իրենք կարողանում են նվազագույն հնարավորություններով պահել մրցունակ մարզիկների, որոնք պայմանների ու մրցակցային միջավայրի ապահովման դեպքում կկարողանան նվաճել անգամ պարալիմպիկ խաղերի ուղեգիր։ Պետք է միայն տարեկան երկու անգամ մասնակցել միջազգային ստուգատեսների։
Ֆեդերացիայի գլխավոր նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան բացահայտել եւ կիրառել իրենց հմտությունները կյանքի բոլոր բնագավառներում, ներգրավվեն մարզական միջոցառումներում։
Դավթյանն ասում է, որ իր կարեւոր նպատակներից է պատերազմում վիրավորված զինվորներին ներգրավել սպորտի ոլորտ, իսկ եթե չստացվի իրենց ֆեդերացիայում, կուղղորդեն այլ տեղ:
Երեւանում եւ մարզերում անցկացվում են հաշմանդամ անձանց սեղանի թենիսի մրցաշարեր, այդ թվում՝ մարզաձեւի Հայաստանի առաջնությունը:
Դավթյանը նշում է, որ մարզաձեւի զարգացման համար պայմաններ են հարկավոր. մարզիչները չեն վարձատրվում, մարզադահլիճներ չեն հատկացվում, ամեն անգամ մի վայրում են անցնում պարապմունքները: «Մինչեւ չլինի բոլոր պայմանները ապահովող մարզադահլիճ, չտրվի գոնե մինիմալ աշխատավարձ հզոր մարզիչներին, ոչինչ չի փոխվի: Նախ պետք է երկրի ներսում այս ամենը զարգացնել, հետո գնալ միջազգային մրցումների»,- եզրափակում է խոսքը ֆեդերացիայի նախագահը: