«Մինսկի խումբը պետք է լուծարվի: Բանակցային այս ձեւաչափն այլեւս անկարող է: Այն ձախողեց ինչպես ռազմական գործողությունները կանխելու, այնպես էլ վեճը լուծելու գործընթացը»,-ամերիկյան «National Interest»-ում գրում է ԱՄՆ պետքարտուղարներ Քոլին Փաուելի եւ Քոնդոլիզա Ռայսի օրոք Պետդեպարտամենտի խոսնակ, դեսպան Ջոզեֆ Ադամ Էրելին։
Կոշտ եւ փափուկ ուժի տագնապալիորեն հաջող համադրման պայմաններում, Ռուսաստանը կարողացավ մի հարվածով Արեւմուտքին դարձնել ավելորդ եւ ինքնահաստատվել որպես տարածաշրջանի անփոխարինելի թագավոր:
Համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ռազմավարական հետընթաց է։ Ռուսաստանյան միջնորդությամբ կատարված գործարքը լիովին շրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, խնդրի կարգավորման միջազգային միջամտությունը, որով Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները նախկինում ուղղորդում էին հակամարտության շուրջ բանակցությունները:
Պետքարտուղար Մայք Պոմպեոյի ջանքերը՝ վերջ տալ մարտական գործողություններին, արդյունք չունեցան եւ ընդգծեցին տարածաշրջանում Ամերիկայի ազդեցության նվազումը:
Համաձայնագրի պայմաններից բխող ամենամեծ մտահոգությունն այն է, որ նախատեսվում է ռուսական ռազմական ներկայություն հաստատել Ադրբեջանում: Գործարքի համաձայն ՝ գրեթե 2000-անոց ռուսական զորք, որը գործում է խաղաղապահների անվան տակ, այժմ տեղակայված է Ադրբեջանի տարածքում:
Մինչ այդ Ռուսաստանին հաջողվել էր ռազմական ներկայություն ունենալ Մոլդովայում (Մերձդնեստր), Ուկրաինայում (Դոնբաս) եւ Վրաստանում (Աբխազիա, Հարավային Օսիա): Հավանաբար սա էր պատճառը, որ Ադրբեջանի ՊՆ նախկին պաշտոնյան հայտարարեց. «Ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս անգամ, բայց Կովկասում ռուս խաղաղապահների ներկայության լավ օրինակ դեռ չկա»:
Չնայած զինադադարի պայմանագիրն ընդամենը հինգ տարվա համար է, բայց Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայությունը կարող է լինել նույնն, ինչ Հայաստանում է։ Քչերն են կարծում, որ Կրեմլն Ադրբեջանից հեռանալու ծրագրեր ունի:
Միացյալ Նահանգները, իր եւ եվրոպական դաշնակիցների շահերը պաշտպանելու համար պետք է նորից ներգրավվի Կովկասում, եւ դա անելու համար Բայդենի վարչակազմը պետք է հասկանա, թե վերջին 20 տարում որտե՞ղ են սխալվել իր նախորդները։
Դեռ ժամանակ կա, որպեսզի ԱՄՆ-ը փրկի իր դիրքերը տարածաշրջանում: Եվ այդ ձեռնարկին հասնելու համար պետք չէ ոտք դնել տարածաշրջան: Փոխարենը Ամերիկան կարող է ցույց տալ, որ ազատության եւ անվտանգության ճանապարհը երբեմն լինում է զուտ տնտեսական: