ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաստատել է, որ իսպանական El País պարբերականի առցանց էջերում հրապարակված փաստաթղթերն իսկապես Վաշինգտոնի գրավոր պատասխանն են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին:
«Մենք չենք հրապարակել այդ փաստաթղթերը, սակայն այժմ կարող ենք հաստատել այն, ինչ միշտ ասել ենք: Մենք միասնական ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ եւ կողմ ենք բաց ու կառուցողական դիվանագիտական ջանքերին»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Պենտագոնը եւս հաստատել է հրապարակված փաստաթղթերի վավերականությունը։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ այդ նյութերն իրենք չեն հրապարակել, սակայն հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները վճռական են Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության հարցերը փոխադարձության սկզբունքով լուծելու հարցում։