Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է Ստամբուլում, ինչպես նաեւ ցանկացած այլ վայրում Դոնբասի շուրջ եռակողմ շփման խմբի բանակցություններին, բայց դրա համար անհրաժեշտ է ռուսական կողմի համաձայնությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ընդունելու ՌԴ-ի եւ Ուկրաինայի հանդիպումը «Մինսկի» ձեւաչափով:
Թուրքական կողմը մտադրություն է հայտնել Ստամբուլում բանակցություններ կազմակերպել Մինսկի համաձայնությունների շուրջ նույն խաղաղացողների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Դոնբասից եւ ԵԱՀԿ-ից ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շփման խմբում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության լիազոր ներկայացուցիչն ու ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան հայտարարել են, որ Դոնբասի շուրջ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համար պետք է լուծվի Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների անվտանգության ապահովման խնդիրը:
Ըստ Ռեզնիկովի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնորեն նման առաջարկություն է արել, եւ բանակցային հարթակը Ստամբուլ տեղափոխելու շուրջ Կիեւի հետ խորհրդակցություններ են անցկացվել:
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով Անկարան վերահաստատել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հանձնառությունը։
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի անցկացումը, որը տեղի կունենա Կիեւում փետրվարի 3-ին՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ, ըստ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության, կնպաստի երկկողմ համագործակցության ոլորտների ընդլայնմանն ու խորացմանը:
Ակնկալվում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն Կիեւում: Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի ղեկավարության հետ կքննարկի նաեւ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։