Լոռու մարզպետի տարվա առաջին ասուլիսը սկսվեց 2021-ին մարզում իրականացված եւ ընթացիկ ծրագրերի մասին ամփոփ հաշվետվությամբ։ Տեսաֆիլմով ներկայացվեցին տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները։
Նախորդ տարի Լոռիում նախատեսված էր հիմնանորոգել եւ վերանորոգել 97 կմ ճանապարհ՝ 12,5 մլրդ դրամ ընդհանուր ներդրումով։ Սուբվենցիոն ծրագրերով եւս 30 կմ ներհամայնքային ճանապարհ էր նորոգվելու։
Ճանապարհաշինության ոլորտի առավել խոշոր ծրագրերի շարքում հիմնանորոգվել է Մ6 մայրուղուց դեպի Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհը։ Իսկ Թումանյանի գյուղերում (Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան) տասնամյակների սպասումը երկարեց եւս մեկ տարով․ Թումանյան-Աթան կամ Մոտկորի 28 կմ ճանապարհի հիմնանորոգումը հետաձգվել է այս տարի։ Ըստ մարզի ղեկավարի՝ եղանակային պայմաններն են խանգարել։
2022-ին նախատեսված է ավարտել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի՝ տարբեր պատճառներով (նախագծային թերություններ, հաղորդակցության խնդիրներ, աշխատավարձերի վճարում) ձգձգվող շինարարությունը։
Քաղաքաշինության ոլորտի անցած տարվա խոշոր ներդրումներն ուղղվել են Վանաձորում, Ստեփանավանում եւ Ալավերդիում ուսումնական հաստատությունների շենքերի վերակառուցմանը։
2021-ին նույնպես մարզի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրը եղել է համավարակի դեմ պայքարը։ Սակայն ոլորտի ծրագրերից առանցքային է եղել նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնում «Ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունքի» բացումը, որին «Ազնավուր» հիմնադրամը մոտ 64 մլն դրամի մարզական, բժշկական գույք եւ սարքավորումներ է տրամադրել։
Գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ է եղել խելացի անասնագոմերի, կաթի վերամշակման արտադրամասերի եւ սպանդանոցների կառուցումը, ինչպես նաեւ տավարաբուծական, տոհմային տնտեսությունների եւ ինտենսիվ այգիների հիմնումը։
Մարզպետ Արամ Խաչատրյանի 2021-ի հաշվետվությունում նշված է՝ Լոռիում տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է՝ հանքագործական եւ մշակող արդյունաբերությունների ճյուղերով։ Ուստի այս տարի նախատեսվում է վերագործարկել Ստեփանավանի վարչական տարածքում գտնվող Արմանիսի ոսկի-մետաղային հանքավայրը։
Հարցուպատասխանի ընթացքում խոսվեց նաեւ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի՝ շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը հասցվող վնասակար ազդեցության, փոխհատուցման մեխանիզմների, ինչպես նաեւ չեխական «Առնիկա» կազմակերպության հետազոտության ընթացքում արձանագրված խիստ մտահոգիչ տվյալների մասին։
Արամ Խաչատրյանը նշեց, որ առաջիկա օրերին Թեղուտի հանքավայր է այցելելու։ Եվ եթե այդպիսի խնդիրներ կան, ապա «կփորձեն իրենց մասով ուսումնասիրել, հասկանալ եւ տեսակետ հայտնել»։
2022-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանների խոշորացված համայնքներում։ Ընտրություններից առաջ սպասվող խոշորացման հնարավոր գործընթացի մասին, ըստ մարզի ղեկավարի, դեռևսխոսակցություններ կամ քննարկումներ չկան։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։