Ըստ Շվեյցարական «Neue Zürcher Zeitung» պարբերականի՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) այս տարվա աշնանը բռնկված պատերազմը վկայում է, որ ռազմական ուժն առաջվա պես աշխարհի քաղաքական քարտեզը փոխելու գործուն միջոց է։
Եվ մինչ Ռուսաստանն ու Թուրքիան այդ կարկանդակից խոշոր պատառներ են պոկում, Արեւմուտքը նիրհում է:
Հարավային Կովկասի պատերազմը հայտնվեց ԱՄՆ նախագահական ընտրությունների, համավարակի ու Եվրոպայում տնտեսական ճգնաժամի ստվերում։ Այդուհանդերձ, այս պատերազմի արձագանքը դեռ երկար է լսելի լինելու: Այն ապացուցեց, որ բռնությունն առաջվա նման ուժի դիրքերից քաղաքականություն թելադրելու գործիք է ծառայելու: Ավելին, այդ միտումը իսկական վերածնունդ է ապրում: Միջազգային իրավունքի համապատասխան՝ ուժի կիրառման արգելքը մնում է միայն թղթին. պարզվեց՝ իրականում այդ արգելքը ոչ մի արժեք չունի: Երբ Ալիեւը որոշեց հարձակվել հայերի վրա, նա միանգամայն ճշգրիտ հաշվարկ էր արել, որ այդ ձեռնարկում իրեն ոչ ոք չի խանգարելու:
Ադրբեջանական քարոզչությունը պնդում էր, որ հայերով բնակեցված հողերը բռնի ուժով իրենց վերահսկողության տակ վերադարձնելը լիովին օրինական քայլ կլինի: Ընդ որում, ոչինչ չէր ասվում նրա մասին, որ Բաքուն 1994-ի զինադադարի մասին համաձայնագրին եւ անթիվ-անհամար խաղաղ բանակցությունների ոգուն համապատասխան պարտավոր է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Հիմա արդեն հասկանալի է, որ Ալիեւը պարզապես սպասում էր հարմար պահի՝ վճռական հարված հասցնելու համար: Այդ օրինակին թերեւս կհետեւեն նաեւ մյուս երկրները աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ համաշխարհային գերտերությունները (օրինակ՝ Միացյալ Նահանգները) եւ միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ ՄԱԿ-ը) չեն այրվում աշխարհում գոյություն ունեցող կանոնները պաշտպանելու ցանկությամբ: