Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել Պեկինի՝ փետրվարի 4-20-ը անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Գերմանիայի կառավարության ղեկավարը երկար ժամանակ հրաժարվում էր պատասխանել հարցին՝ կմասնակցի՞ արդյոք ձմեռային խաղերին։ Ավանդաբար միջոցառմանը մասնակցում է Գերմանիայի կանցլերը կամ արտգործնախարարը:
Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին արդեն հայտարարել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Դանիան, Նիդերլանդները, Բելգիան եւ Լիտվան։ Պատճառը Չինաստանին վերագրվող զանգվածային ռեպրեսիաները եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումն են։
Պուտինն ու Արգենտինայի նախագահը միասին կմեկնեն Պեկին
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին՝ օլիմպիական խաղերի կմեկնի Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ Ռուսաստանի նախագահը բանակցություններ կանցկացնի ՉԺՀ ղեկավար Սի Ցզիպինի հետ։
Ջեկի Չանը՝ փոխանցումավազքի 30-րդ ջահակիր
Ըստ չինական «Beijing Daily» գործակալության՝ նշանավոր դերասան, հոլիվուդյան աստղ Ջեկի Չանը մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին եւ ջահով վազել Չինական մեծ պարսպի մոտով։ 68-ամյա դերասանը դարձել է փոխանցումավազքի 30-րդ ջահակիրը։ Չանը մասնակցել էր նաեւ 2008-ին Պեկինում անցկացված օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:
Դերասանը խոստովանել է, որ հակառակ 10 աստիճան սառնամանիքին` իր սիրտը ջերմանում է, երբ տեսնում է փոխանցումավազքի մասնակիցներին ողջունող մարզիկների, լրագրողների ու կամավորների ուրախ դեմքերը։
«Չինական քաղաքակրթությունն արդեն 5 հազար տարվա պատմություն ունի, նման հարուստ պատմություն ունեցող պետությունները քիչ են։ Հուսով եմ, որ օլիմպիադայի շնորհիվ կկարողանանք աշխարհին ցույց տալ մեր մշակույթը»,- ասել է Ջեկի Չանը:
Ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը մեկնարկել է փետրվարի 2-ին։ Մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված օլիմպիական այգուց:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին ու տեւողությունը զգալիորեն կրճատվել են: Փոխանցումավազքը կտեւի երեք օր եւ կավարտվի ուրբաթ երեկոյան, երբ վերջին ջահակիրը Պեկինի ազգային մարզադաշտում կվառի օլիմպիական ջահը: