Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2022 թվականի հունվարի 27-ին, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, «աշխարհացունց» մի իրադարձություն կատարվեց, ինչի մասին նա՝ Ռուբինյանը, խրոխտ պիոներական (կամ կոմերիտական) ոճով ավետեց հետեւյալ կերպ.
«ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին:
Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները»:
Նախ, թե ինչպես են ԵԽԽՎ-ում վերաբերվում այս փաստաթղթին, փաստում են քվեարկության թվերը, որ հրապարակեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ գրելով.
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» 2022 թ. հունվարի 27-ի բանաձեւի հարցով ԵԽԽՎ-ում ներկայացված 324 խորհդարանականներից քվեարկել է 80-ը, որոնցից 50 կողմ, 14 դեմ եւ 16 ձեռնպահ։ Ինքներդ կարող եք հետեւություններ անել կամ չանել այս թվերից։ Միայն նշեմ, որ եզակի դեպքերում է քվեարկածների ընդհանուր թիվը 100-ից պակաս լինում»։
Անեմ իմ հետեւությունը. այս փաստաթուղթը ԵԽԽՎ անդամ պետությունների ներկայացուցիչների մեծամասնության համար (ակնառու լինելու համար ասեմ, որ քվեարկությանը չի մասնակցել պատվիրակների երեք քառորդը կամ 75 տոկոսը) հերթական անկարեւոր զեկույց էր, «թռչնակ» նկարելու նման մի բան։
Այսուհանդերձ, քանի որ ՔՊ-ական «աննախադեպերի» բանակն այդքան կարեւորություն է տվել դրան եւ խրոխտ գրառումներ արել, որոշեցի կարդալ, թե, օրինակ, ինձ համար հետաքրքրություն ներկայացնող թեմայով ինչ է ասել բանաձեւը։ Հասկանալի է, որ խոսքը լրատվամիջոցների եւ տեղեկատվության ազատությանն է վերաբերում։
Բայց նախ՝ Ռուբինյանի «պիոներական զեկույցի» այդ հատվածը.
«Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»:
Դե, իսկ հիմա նայենք թե ինչ է ասում բուն բանաձեւը (բանաձեւի անգլերեն տեքստը՝ այստեղ։ Քանի որ բանաձեւի պաշտոնական հայերեն թարգմանությունը չկա, մենք կներկայացնենք միայն ձեւակերպումների իմաստը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ։
Խոսքի, լրատվամիջոցների եւ տեղեկատվության ազատությանն են վերաբերում բանաձեւի 22, 23 եւ 24-րդ կետերը։
22-րդ կետում (կրկնեմ՝ ոչ բառացի թարգմանություն է, փոխանցում եմ իմաստը) Վեհաժողովը նշում է, որ թե՛ կեղծ տեղեկատվության տարածման, թե՛ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում խուճապ առաջացնող հրապարակումների ու ռազմական դրությամբ սահմանված սահմանափակումների առնչությամբ իշխանությունները հակված էին կտրուկ միջոցներ ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին (ընդգծումն իմն է – Մ. Հ.)։
Բանաձեւի 23-րդ կետում, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր Հայաստանը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, Վեհաժողովն արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները դրան արձագանքեցին՝ բարձրացնելով վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմը, քրեականացնելով «ծանր» վիրավորանքն ընդհանրապես եւ տուգանքներ ու կալանք նախատեսելով, երբ այն կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Եվ վերջապես, ամենակարեւորը՝ 24-րդ կետում Վեհաժողովը, վերահաստատելով իր դիրքորոշումը, որ զրպարտությունն ու վիրավորանքը չպետք է քրեականացվեն, իշխանություններին կոչ է անում ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության եւ 8-րդ հոդվածով նախատեսված անձնական կյանքի իրավունքի միջեւ հավասարակշռությունը, ապահովել, որ վիրավորանքի եւ զրպարտության համար պատիժների մասին օրենսդրությունը կիրառվի միատեսակ, որպեսզի այն կամայական կերպով չօգտագործվի անհատների և լրատվամիջոցների դեմ։
Կարծում եմ՝ մեջբերվածները բավական են հասկանալու համար, որ «աննախադեպերի» իշխանության կարկառուն ներկայացուցիչը նույնիսկ այս դեպքում է կեղծում ու թաքցնում իրականությունը՝ մոռանալով, որ հիմա 21-րդ դարն է, եւ մկնիկի կոճակի մի սեղմումով կարելի է գտնել ու կարդալ ցանկացած փաստաթուղթ, ընդ որում՝ կարդալ ինչ լեզվով էլ այն գրված լինի՝ անգլերենով, պոլինեզերենով, մալագաշերենո՞վ, թե՞ ՔՊ-ական աքացի տվողների պաշտած փողոցային ժարգոնով։
Հ. Գ. Ես, իհարկե, շատ ավելի խիստ կարծիք ունեմ վերջին երկու տարում խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ոլորտում Հայաստանում առկա (իրենց սիրած բառով ասեմ) աննախադեպ հետընթացի մասին։ Կարծում եմ, կլինեն իսկապես անկախ փորձագետներ, որ առաջիկայում կվերլուծեն ամբողջ դաշտն ու ներկա իրավիճակը եւ կառաջարկեն լուծումներ։ Սակայն կասկածում եմ, թե փաշինյանական ռեժիմը կընդունի դրանք։ Սխալվեցի, չեմ կասկածում, համոզված եմ, որ չի ընդունի։ Բռնապետության գնացողներին պետք չեն իրենց քննադատող ազատ լրատվամիջոցներ եւ ազատ խոսք ընդհանրապես։ Ապացո՞ւյց, խնդրեմ՝ Ալեն Սիմոնյանի բազմաթիվ դատական հայցերն իր հասցեին ամեն մի քննադատության առիթով եւ Նիկոլ Փաշինյանի՝ խմբագրված ու գրաքննված հարցերով «սուսուլիսները»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։