«Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավորը մեջբերել է Իլհամ Ալիեւին․ «Շուշան հայերի համար օտար քաղաք է եղել։ Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչո՞ւ է այն այսպիսի ողբերգական վիճակում։ Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը եւ ցամաքեցրել են ոլոր աղբյուրները»։ https://hraparak.am/post/28ee8be942158a74522043315c8098f2
Եթե նա Ալիեւի հետ բանավեճի տրամադրված լիներ, կհակադարձեր (Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները բազմաթիվ ապացույցներ են տալիս), որ նրա երկրում հարյուրավոր անբարեկարգ քաղաքներ, ավաններ կան, որտեղ 21-րդ դարում ո՛չ ջրագիծ ունեն, ո՛չ կոյուղի, ո՛չ բնական գազ։
Դրանք ադրբեջանակա՞ն չեն, եւ Ռուսաստանն իրավո՞ւնք ունի Դաղստանին կցելու Ղուբան, Իրանը՝ Աստարան՝ միայն այն «հիմնավորմամբ», որ եթե Ադրբեջանը կյանքի տարրական պայմաններ չի ստեղծում, ապա դա անում են իրենք, ընդ որում՝ միայն ազգությամբ լեզգիների եւ թալիշների համար, իսկ ադրբեջանցի բնակչությունը թող քաշվի Սումգայիթ եւ Բաքու։
Բայց խորհրդարանականն իր գրառումը վերնագրել է «Որքան նման են մտածում Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը», ուստի թշնամական կողմի ասածին համադրել է Հայաստանի վարչապետի դիտարկումը․ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչի՞ էր Շուշին էդ վիճակում»։
Չգիտեմ՝ պատգամավորը տեսե՞լ է 1992-ի Շուշին կամ գոնե այդ տարիներից լուսանկար, հեռուստա-վավերագրական պատկերներ։ Թշնամին Շուշին թողել էր անվնաս, մինչեւ 2010-ական թվականներն ունեինք, այո՛, մեծ մասամբ «դժգույն եւ դժբախտ» պատկերներ։ Ո՞վ կարող է ուրանալ, իրականության հանդեպ աչք փակել։
Ո՞վ եւ ինչո՞ւ է ավերակել Շուշին։ Արդեն չի՞ հիշվում, որ Շուշիի անվնաս մնացած թաղամասերում թանձր յուղաներկով պատերին, դարպասներին գրված էր «օրինական տիրոջ» անունը։ «Տերերն» այնտեղ չէին ապրում, Ստեփանակերտում էին, Երեւանում, Մոսկվայում, իսկ հազարավոր տնանկներ սպասում էին Շուշիի «խանի» ողորմածությանը՝ կտա՞ մի փլատակում ծվարելու, սեփական միջոցներով կտուր կապելու, դուռ-լուսամուտ դնելու, գոնե մի սենյակի հատակ տախտակելու թույլտվություն․․․
Որքա՞ն շինանյութ է դուրս բերվել Շուշիից, եւ այդ վնասները վերականգնելու վրա ի՞նչ է ծախսել պետությունը։ Եվ հաճախ շինանյութ դուրս բերողն ու իր ավերակածը պետական միջոցներով վերականգնողը նույն «խանն» էր, չէ՞։
Անցյալ տարի ինձ հրավիրել էին Արցախի հանրային հեռուստատեսություն։ Չգիտեմ՝ ինչ համատեքստում, բայց մի ոչ «նրբանկատ» դիտարկում արեցի․ Ստեփանակերտն, ինչ էլ ասելու լինենք, հավատացյալ քաղաք չէ, մի եկեղեցի ուներ՝ Սուրբ Հակոբ, երկրորդը, այն էլ՝ որպես Մայր տաճար, կառուցելու ի՞նչ անհրաժեշտություն կար, հարեւանությամբ էլ՝ թեմակալ առաջնորդի նստավայր։ Չէ՞ որ Գանձասարի կաթողիկոսության լուծարումից հետո Շուշին է Արցախի հոգեւոր կենտրոնը։
Այդպես եղել է ցարական իշխանության օրոք, վերականգնվել բերդաքաղաքի ազատագրմամբ։ Ո՞ւմ տնօրինությամբ է թեմակալ առաջնորդի նստավայրը Շուշիից Ստեփանակերտ տեղափոխվել։ Ամենայն հայոց կաթողիկոսի՞, Հայաստանի կամ Արցախի քաղաքական ղեկավարությա՞ն․․․ Հարցազրույցի այս հատվածը, ինչպես եւ սպասում էի, Արցախ TV-ում «մկրատվեց»։ Հետո՞, հարցը փակվե՞ց։ Իհարկե ոչ։ Եվ, հավանաբար, մի օր Իլհամ Ալիեւը Արցախի թեմի՝ քառասունչորսօրյա պատերազմից առաջ արդեն նախկին դարձած նստավայրի մոտից է հարց հնչեցնելու․ «Եթե Շուշին հայկական քաղաք է, ապա ինչո՞ւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրոք թեմի առաջնորդարանն այնտեղից տեղափոխվեց Ստեփանակերտ»։
Ինչո՞ւ տեղափոխվեց, ի՞նչ «ուղերձ» էր դա, որին մենք, ցավոք, արժանի ուշադրություն չդարձրինք։ Առնվազն երեք անգամ՝ սկսած 2000 թվականից, Ազգային ժողովում (Արցախի) նախաձեռնել եմ, որ վարչատարածքային բաժանման օրենքով լուծարվի Շուշիի շրջանը՝ հիմք ընդունելով իրողությունը, որ այն կազմավորվել է արհեստականորեն՝ տրոհելու Արցախի էթնիկ-տարածքային ամբողջականությունը, որ «տեսանելի» պատմությամբ գիտենք 1736 թվականից որպես «Խամսայի մելիքություններ»՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան։
Այդ տարածքում է հռչակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Առաջարկում էի Շուշին օժտել հանրապետական ենթակայության հատուկ քաղաքի կարգավիճակով, բայց ո՞ւմ ես ասել։ Լուծարե՞լ շրջանը, իսկ ի՞նչ անել «խանության»՝ պետական բյուրոկրատիայի, չինովնիկության հետ։ Ոչի՞նչ, որ մինչեւ 1930-թվականների վերջը Արցախի վարչական շրջաններն Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ կոչվում էին իրենց պատմական անուններով՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ։ Կարելի էր, չէ՞, այդ անվանումները վերականգնել։ Կարելի էր, բայց չարվեց։
Կարելի՞ էր Արաքսի հովտում մի քանի միլիարդ դրամ ծախսելու փոխարեն այդ գումարներով բարեկարգել Հադրութի գոնե սահմանային գյուղերը, բուն Արցախի տասնյակ ծյուրող-անտեր մեղվափեթակի նման իրենց ներսում հանգչող մյուս բնակավայրերը։ Հիմա շատերից միայն անունն է մնացել։
Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Այցելել է Գառնաքար։ Եթե ոչ ամռանը, ապա մինչեւ տարեվերջ կասֆալտապատվի գյուղ-մայրուղի ճանապարհը, գյուղացիներին անվճար մեղվափեթակներ կտան։ Գառնաքարը՝ ինչպես Հրանտ Մաթեւոսյանի Ծմակուտը։ Հրա՜շք։ Վերջին տներից անտառ հիսուն-հարյուր քայլ է։ Բայց եթե նկատվեր քսան տարի առաջ, այսօր, հաստատ, զրնգուն գյուղ, զբոսավայր ու հանգստյան գոտի կլիներ։
Շուշին այդ «մոռացության» դառնադառը վկայագիրն է, որ նախագահության իր երկրորդ շրջանում Բակո Սահակյանը փորձեց մաքրագործել գեղեցիկ նախաձեռնություններով, բայց․․․ Շուշիի «յուրացման» ժամանակը, ցավոք, բաց էր թողնված։ Կհաջողվի՞ վերագտնել։ Հնարավոր է։ Եթե մենք թշնամական խոսքը հակադարձենք պատասխանատու լրջությամբ եւ չխուսափենք իրականության հետ առերեսվելուց։ Փաշինյանը կանցնի, կգնա, իսկ Շուշին մեզնից չպետք է հեռանա։ Մենք Շուշիից չպետք է հեռանանք։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։