Ըստ «France-Presse» գործակալության՝ Ռոտերդամի իշխանությունները ստիպված են լինելու ժամանակավորապես ապամոնտաժել քաղաքի պատմական կամուրջներից մեկը, որպեսզի դրա տակով անցնի «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նորակառույց զբոսանավը։
Ռոտերդամի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ դա դեպի ծով տանող միակ ճանապարհն է, եւ նոր զբոսանավը ջրային բաց տարածք թողնելու այլ տարբերակ չկա: Նա պարզաբանել է նաեւ, որ այս նախագիծը շատ կարեւոր է քաղաքի տնտեսության համար, եւ զբոսանավի կառուցումն այլ տեղ հնարավոր չէ ավարտել։
Բեզոսի զբոսանավի բարձրությունն առանց կայմերի 40 մ է, երկարությունը՝ 127 մ: Այն կառուցող հոլանդական ընկերությունը պետք է վճարի կամրջի ապամոնտաժման ու հետագա վերականգնման համար:
Նախկին երկաթուղային կամուրջը, որը հայտնի է որպես Դե Հեֆ, կառուցվել է 19-րդ դարում եւ վնասվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների ռմբակոծությունից: 2014-2017 թվականներին կամուրջը վերականգնողական փուլում էր: Դրանից հետո Ռոտերդամի իշխանությունները խոստացել են, որ ազգային հուշարձանի կարգավիճակ ունեցող կամուրջն այլեւս չի ապամոնտաժվի։