Արցախի անկախությունն անհնար չէ։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կունենա Ուկրաինայի հարցը՝ կնահանջի՞ Ռուսաստանը, թե՞ չի նահանջի։
Ըստ ամենայնի՝ Ռուսաստանը կնահանջի։ Որովհետեւ հակառակ դեպքում ստիպված կլինի պատերազմել, իսկ պատերազմի դեպքում արդեն մեծ հարց կլինի, թե ով կենդանի դուրս կգա դրա տակից, ով՝ ոչ, այսինքն՝ բանակցություններն ինչի՛ մասին կլինեն։
Հայտնի է, որ Արցախում իրադարձությունները զարգացան ռուս-թուրքական համաձայնությամբ։ Ռուսները ստացան այնպիսի Ղարաբաղ, որից Թուրքիան առանձնապես դժգոհ չէ։ Բայց Մինսկի խմբի երկու անդամներ՝ Ֆրանսիան ու Ամերիկան, շարունակում են պնդել, թե Արցախի կարգավիճակի հարցը բաց է։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ նրանք ողջունում են յոթ տարածքների վերադարձը Ադրբեջանին, որը Մինսկի խմբի բանակցային բոլոր փաստաթղթերի պահանջն էր, բայց Արցախի կարգավիճակը դրանից չի որոշակիանում։
Մինսկի խմբի երկու անդամներ խոսում են այն մասին, որ եթե պիտի պատերազմով լուծվեր հարցը, ու կարգավիճակն էլ ջրվեր այդ պատերազմով, որում մեծ դեր ունեցան Մինսկի խմբի անդամներից մեկն ու Թուրքիան, ուրեմն դրանով անլրջացվում է մեր՝ Ֆրանսիայի ու Ամերիկայի մասնակցությունը։
Իլհամ Ալիեւը հաճախ է ասում, որ պատերազմը լուծեց Արցախի հարցը, ու Մինսկի խումբն այլեւս անելիք չունի։ Ալիեւը դա ասում է, որովհետեւ իր երկրում կա այդ համոզմունքը, որ պատերազմը չլուծեց ամենագլխավորը՝ իսկ չգրավված Ղարաբաղի՞ն ինչ է սպասվում, արդյո՞ք այն ական չէ Ադրբեջանի տակ։
Մինսկի խմբին մերժելով՝ Ալիեւն իրենից հեռացնում է այն օրը, երբ կրկին պիտի մտնի «հյուծիչ» բանակցային գործընթացի մեջ, նվաճողի համար սա իսկապես ցավոտ է։ Եվ ահա ամբողջ աշխարհն է շունչը պահած սպասում, թե ինչ է կատարվում կամ կատարվելու Ուկրաինայում։ Նահանջող Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել Մինսկի խմբի գոյությունը եւ միջամտության իրավունքն այս տարածաշրջանում։
Դրա հետ հաշվի կնստեն նաեւ թուրքերը։ Այո՛, Շուշիում եւ Հադրութում կապրեն ադրբեջանցիները, որովհետեւ բանակցություններում եղել է ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու թեման։ Բայց Արցախի կարգավիճակը դրանից հետո էլ է բաց, եւ խոսքը Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանների մասին է, ոչ թե առկա սահմանների։
Կարգավիճակի հարցը բաց է, նշանակում է՝ խոսքն առանց որեւէ կարգավիճակի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ուղղակի մարզային միավորի մասին չէ։ Խոսքը որոշակի, մարզային միավորից տարբերվող կարգավիճակի մասին է, որից հետո կընդգծվի, թե ով է կանգնելու սահմաններին՝ ռուսական զինվորնե՞րը, թե՞ միջազգային խաղաղապահ ուժերը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: