Պեկինում 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մեկնարկել է պատմական անդրադարձով․ ներկայացվել են նախորդ 23 Ձմեռային օլիմպիական խաղերն ընդունած երկրները: Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Արարողության շրջանակում անցկացվել է մարզիկների շքերթ, որին մասնակցել է 91 պատվիրակություն։ Առաջինը մարզադաշտ է մտել Օլիմպիական խաղերի հիմնադիր Հունաստանի հավաքականը։ Դրանից հետո երթն անցկացվել է առանց այբբենական կարգի։ Հայաստանը ընդգրկվել էր երրորդ տասնյակում։
Բացման արարողությանը Հայաստանի հավաքականի դրոշակակիրները գեղասահորդ Թինա Կարապետյանն ու դահուկորդ Միքայել Միքայելյանն էին։
Պեկինի Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը
24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական եւ 15 կմ ազատ ոճերում:
Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:
Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերում 4 դահուկորդ մասնակից ունի․ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Վերջինս դեռեւս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով: Ձմեռային օլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը Հարությունյանի առաջին Օլիմպիական խաղերն են: