20, 16 եւ 18 հարկանի բնակելի երեք նոր շենք Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, այս անգամ անմիջապես արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շենքի հարեւանությամբ: 3200 քմ տարածքում նախատեսվող բնակելի համալիրն, ըստ աշխատանքային նախագծի, 270 բնակարան է ունենալու: Կառուցապատվելու է տարածքի 60%-ը, այդ թվում՝ անցուղիներն ու ճանապարհները, 40%-ն էլ կանաչ տարածք է լինելու:
Փետրվարի 4-ին Դավթաշեն վարչական շրջանի շենքում բազմաֆունկցիոնալ այս բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի շուրջ հանրային քննարկումներ էին:
Ինչպես միշտ, նախագծողները ներկայացրին, որ քաղաքաշինական բոլոր նորմերը պահպանված են, ինչն, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում:
Առաջին հանգամանքը, որին քննարկման մասնակիցներն ուշադրություն հրավիրեցին, ԱԻՆ շենքի հարեւանությունն է: Նախատեսվող տարածքը նախկինում ծառայել է որպես ԱԻՆ ավտոպարկի կայանատեղի: Մեքենաների թիվը նույնն է մնացել, տարածքը՝ սեփականաշնորհվել:
Ավելին՝ հարեւանությամբ նաեւ ԱԻՆ ուղղաթիռի կայանատեղին է, ինչը փաստորեն հաշվի առնված չէ:
Նախագծողները հավաստիացրին, որ ունեն գրավոր համաձայնություն ԱԻՆ-ից:
Հաջորդ հանգամանքը գրունտն է՝ ստորգետնյա ջրային շերտերով:
Վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արամ Մելիքսեթյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, հորատման արդյունքում 20 մետր խորությունից ստորգետնյա ջուր է բխել: Նախագծողներն առարկեցին՝ պնդելով, որ իրենց երկրաբանը մինչեւ 40 մետր խորության հորատում է իրականացրել ու դրական եզրակացություն տվել: Իսկ եթե պարզվի, որ իսկապես ստորերկրյա ջրեր կան, ապա լուծումը կգտնեն. բնակելի համալիրի կառուցումը պատասխանատու գործ է:
Արամ Մելիքսեթյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ այստեղ 15-20 մետր շերտով լցոնած հող է, որի վրա նման ծավալի շինարարությունն անթույլատրելի է:
«Համոզված եմ, որ հողի սեփականատերն այն ձեռք բերելիս չի տեսել տարածքն ու տեղեկացված չի եղել այս հարցերի մասին,- ասաց նա,- այլապես բնակելի համալիր կառուցելու նպատակով ձեռք չէր բերի այն»:
Երկրորդ հանգամանքը էլեկտրաէներգիայի բարձրավոլտ կայանին մոտ գտնվելն է: Ըստ նորմերի՝ բնակելի հատվածը պետք է առնվազն 1 կմ հեռավորության վրա լինի, մինչդեռ նախատեսվող համալիրի հեռավորությունը կայանից մի քանի հարյուր մետր է:
Երրորդ խնդրահարույց հանգամանքը հարեւանությամբ բնակվող մարդիկ են: Նրանք առանձնատներ ունեն, տնամերձ այգիներ՝ լիովին օրինական հիմքերով: Դեռ 20 տարի առաջ են այստեղ բնակություն հաստատել: Բնակիչներից մեկն, օրինակ, 6 մետր բարձրությամբ պարիսպ է տեղադրել, չի ցանկանում, որ իր առօրյա կյանքին ինչ-որ մեկն ականատես լինի: Մինչդեռ համալիրի բնակելի հատվածի առաջին հարկն ընդամենը 7 մետր բարձրության է: Ստացվում է, որ առանձնատների բնակիչները մշտապես նորաբնակների տեսադաշտում են լինելու: Բացի այդ՝ բարձրահարկերը ստվերելու են առանձնատներին, զրկելու են արեւի լույսից:
«Եթե նորմերը մի կողմ դնենք, մարդկային առումով, Ձեզ ո՞նց կզգաք, եթե 20 տարի անց Ձեր գլխավերեւում շենք կառուցեն»,- նախագծող ճարտարապետին հարցրեց վարչական շրջանի քաղաքաշինության պատասխանատուն:
Վերջինս անվրդով պատասխանեց. «Թող չկառուցեր: Հողի սեփականատերն ի՞նչ մեղք ունի, որ այդտեղ տուն կա»:
Քննարկմանը ներկա «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի ղեկավար եւ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանը նշեց, որ նախագիծն իրականացնելու դեպքում կխախտվեն բնապահպանական բոլոր նորմերը:
«Ասում եք՝ չափել ենք, գրել ենք, մեզ թույլ են տվել, այսպես մենք տարիներ շարունակ Երեւանը հասցրել ենք այս վիճակին՝ փաստաթղթերով, ըստ որոնց՝ շենքերն իբր իրար մոտ չեն, բնակիչներին չեն խանգարում, վնաս չեն տալիս… Իրականությունն այլ է: 15 եւ ավելի տարվա փորձ ունենք նման իրավիճակների, ամեն ինչ մնում է թղթի վրա: Ուստի հասկանալի է վարչական շրջանի ղեկավարության անհանգստությունը: Եվ եթե իրենք են նման հարցեր բարձրացնում, ուրեմն վիճակն առավել, քան լուրջ է»,- ասաց նա:
Բնապահպանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու նման համալիրները չեն կառուցում ազատ տարածքներում կամ վթարային շենքերի տեղում՝ որպես օրինակ նշելով Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող վթարային շենքերը, որոնց տեղում բնակելի համալիր կառուցելու, բնակարանների մի մասը ներկա բնակիչներին հատկացնելու, մնացածը վաճառելու առաջարկ է եղել քաղաքապետարանի կողմից:
Հնչած խնդիրներին ի պատասխան՝ նախաձեռնողներն ասացին, որ սա միակ բնակելի համալիրը չէ, որ նախատեսվում է կառուցել ԱԻՆ-ի հարեւանությամբ՝ գնդակը նետելով Երեւանի քաղաքապետարանի դաշտ. «Ճիշտ է, թե սխալ, որոշում է քաղաքապետարանը»:
«Դուք վաճառում, գնում եք, հետո խնդիրների պատասխանը տալիս ենք մենք, ուստի ի սկզբանե պետք է հարցերը հասկանանք, ու մեր, ներկա բնակիչների ձայնը պետք է լսելի լինի»,- քննարկումը եզրափակեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանը: Այնուհետև նախաձեռնողներին ուղեկցեցին տեղանք՝ խնդիրներին տեղում ծանոթացնելու:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։