ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյբուքյան գրառմամբ հերքել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի՝ թուրքական «Ahaber» հեռուստաալիքի եթերում արած հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա եւ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա եւ մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»,– գրել է Հունանյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ ասել էր, որ Անթալիայում մարտի 11-13-ն անցկացվելիք դիվանագիտական 2-րդ համաժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաեւ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին հայտարարել էր, որ հայկական կողմը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու վերաբերյալ: