Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եւ հետո համացանցում հաճախ էին հայտնվում Ադրբեջանի գրաված տարածքներում մնացած պղծված հայկական հուշարձանների, եկեղեցիների, սրբավայրերի լուսանկարներ, տեսանյութեր: Ադրբեջանցիներն այդ տեսանյութերում եւ լուսանկարներում երբեմն ցուցադրաբար էին դրանք ավերում, նկարում եւ տարածում… Հիմա՛ էլ կան նման դեպքեր, սակայն նկատելի է, որ քչացել են:
Պատմաբան Համլետ Պետրոսյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, թե պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանն այժմ փոխել է իր քաղաքականությունը՝ նրանք այլեւս չեն ոչնչացնում, այլ պահպանության տակ են վերցրել այդ հուշարձանները՝ վերանվանում են, փոխում ինքնությունը:
Արցախի Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավարը շատերի պես ցավով եւ զայրույթով էր ընդունում հայկական հուշարձանների, եկեղեցիների պղծման, ծաղրանքի ամեն մի դեպք: Պատերազմից հետո որոշեց՝ պետք է ստեղծել մի հարթակ, որտեղ կհավաքվեն բոլոր ահազանգերը, եւ գիտական մակարդակով արձագանք կտրվի դրանց: Այդպես ստեղծվեց «Արցախյան հուշարձանների դիտարկում» ծրագիրը՝ իր monumentwatch.org կայքով:
Համլետ Պետրոսյանն ասում է, որ սա, միջազգային գիտական հանրույթի հետ միասին, հայ գիտնականների պատասխանն է ադրբեջանցիների գործողություններին:
Նախաձեռնությունը սկսել են Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (ԻՆԱԼԿՈ) աշխատակից, հետազոտող Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ, ծրագրին միացել են նաեւ Համլետ Պետրոսյանի գործընկերներից, ուսանողներից: 15 հոգանոց թիմն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում սահմանի այն կողմում մնացած կառույցների ճակատագիրը:
«Նպատակ ունեինք այնպիսի մի հարթակ ստեղծելու, որ ոչ միայն կներկայացնի ժառանգությունը, այլեւ կհետեւի, թե այդ ժառանգության հետ ինչ է տեղի ունենում, ինչպես է փոփոխվում: Սա ակադեմիական հարթակ է, հայամետությունը, հայկական շահերի պաշտպանությունն այստեղ ընդգծված չեն, այլ առաջնային է ակադեմիական գիտելիքը, որի շրջանակում պատասխանում ենք կատարվածին, ներկայացնում մեր մոտեցումները մասնագիտական գիտելիքների եւ ակադեմիական կրթության շրջանակում»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Համլետ Պետրոսյանը:
Կայքում արդեն իննսունից ավելի հնավայր եւ հուշարձան է ներկայացված՝ նկարագրված են լուսանկարներով, պատմական եւ ճարտարապետական ակնարկներով: Իսկ ընդհանրապես, ըստ Համլետ Պետրոսյանի, երկու հազարին մոտ է հայկական ծագման այն կառույցների, հնավայրերի թիվը, որոնք 2020-ի պատերազմից հետո անցել են Ադրբեջանի տիրապետության տակ:
Ահազանգերի բաժնում տեղադրված վերջին դեպքը Շուշիից է. ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածել են «Գաղտնիք» անունով սրճարանի։ Շուշիի ազատագրումից ի վեր հովվատունը կառուցվել էր որպես հայ քրիստոնյաներին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ եւ ծառայել է որպես հոգեւորականների ժողովատեղի եւ գրատուն։
Տեսանյութից պարզ է դառնում, որ երբեմնի հոգեւոր-մշակութային նպատակներով ծառայող կառույցում ադրբեջանական երաժշտություն է հնչում, դրվել են ճաշասեղաններ, ամեն տեղ կախված է ադրբեջանական դրոշը, պատմական կառույցի ներքին հարդարումը լիովին փոփոխված է, իսկ պատմական հետքը՝ ոչնչացված:
Հայ գիտնականներն այսպես են արձագանքել դեպքին. «Շուշիի Կանաչ ժամի հովվատունը վերածելով սրճարանի՝ Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությունն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված մի շարք սկզբունքների, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաեւ ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդունված փաստաթղթից եւ այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:
Բացի այդ, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի եւ ըստ լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի, արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաեւ դրա օգտագործման ձեւի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը՝ Ադրբեջանը խախտում է նաեւ 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» եւ 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։
Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից»։
Համլետ Պետրոսյանն ասում է՝ դրանք համաձայնագրեր ու փաստաթղթեր են, որոնց նաեւ Ադրբեջանն է միացել: Կայքը եռալեզու է, եւ հայ գիտնականները, մանրամասն նկարագրելով, թե ո՛ր հուշարձանն ի՛նչ փոփոխության է ենթարկվել, եւ ո՛ր համաձայնագրի ո՛ր կետն է խախտվել՝ ակնկալում են միջազգային գիտական հանրույթի, մշակութապահպան կառույցների արձագանքը: «Եթե աշխարհում կա քիչ թե շատ ազնիվ հանրույթ, ակադեմիական հանրույթն է, դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հետազոտողներին, որոնց մենք կոչ ենք անում նույնպես ակադեմիական բարեվարքություն դրսեւորելու»:
Ի դեպ, տեղեկացանք, որ հայերի ստեղծած այս կայքից նաեւ Ադրբեջանն է օգտվում՝ երրորդ երկիրն է կայք այցելողների շարքում: «Ոչ միայն այցելում են, այլեւ մենք տեսնում ենք, որ այդ հուշարձանները նկարագրելիս նրանք հաճախ են օգտվում մեր զետեղած գիտական տեղեկություններից, շատ հուշարձանների մասին տեղյակ էլ չեն եւ մեր նյութերն են օգտագործում»,-հայտնում է գիտական ծրագրի ղեկավարը:
Իսկ հուշարձանների, եկեղեցիների, հնավայրերի այսօրվա վիճակը հայ մասնագետները դիտարկում են՝ օգտվելով հնարավոր բոլոր աղբյուրներից՝ ԶԼՄ-ներից, պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից, տիեզերքից արված լուսանկարներն են հատկապես օգնում տեսնելու այս կամ այն եկեղեցու, վայրի վիճակը: Ըստ վերջին դիտարկումների, ինչպես Համլետ Պետրոսյանն է ներկայացնում, նշանային, խոշոր կառույցների հետ էական փոփոխություններ չեն եղել, դրանք պահպանվում են:
«Ադրբեջանը հիմա փոխել է քաղաքականությունը, նախ ներքին կարգով այլեւս չի խրախուսում հուշարձանների ավերման, զեղծարարության, դրանց շուրջը մեծամտության տեսարանները. հիմա հայտարարում է, որ այդ ժառանգությունն ամենեւին էլ հայկական չէ, դա ադրբեջանական ժողովրդինն է, եւ իրենք պահպանում են: Ադրբեջանը երկու հիմնական լծակ ունի՝ զեղծարարություն եւ ոչնչացում, եւ այդ լծակներն ըստ պահի է օգտագործում: Հիմա զեղծարարության պահն է, եւ նա շատ հաջողությամբ կարողանում է անել դա»:
Ոչնչացումն էլ, ըստ մեր զրուցակցի, կարող է անել այնպիսի վայրերում, որոնք աչքից հեռու են, երեւելի չեն, եւ ոչ ոք չի կարող նկատել: «Ասենք, որեւէ անտառում մի խաչքար ջարդեն, մենք դա չենք կարող իմանալ, կամ Օխտը դռնե վանքի խաչքարը եթե հանեն տանեն, մենք չենք իմանա: Ադրբեջանը միշտ այսպես է վարվել՝ ոչնչացնել՝ վստահ լինելով, որ որեւէ մեկը տեղյակ չի լինելու, եւ աղվանական համարել բոլոր այն հուշարձանները, որոնք ուշադրության կենտրոնում են»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Նա նաեւ անընդհատ շեշտում է, որ Ադրբեջանն ընտրել է ուդիական քարոզչություն, ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր է կազմակերպում դեպի հայկական սրբավայրեր, մինչդեռ, ըստ հայ գիտնականի, ուդիներն այդ վայրերում երբեք չեն ապրել: Կայքում գիտական հիմնավորումներով մանրամասն տեղեկություններ կան նաեւ այդ մասին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։