Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական շրջայց են իրականացրել Մարտակերտի շրջանի բարձրլեռնային հեռավոր Ճանկաթաղ գյուղում: Նրանք բուժօգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներին, փախստականներին ու հարկադիր տեղահանվածներին։
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը նշել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի արտագնա բժշկական բրիգադը այց է իրականացրել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ ակնաբույժի, ատամնաբույժի, վնասվածքաբանի եւ քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ռուս խաղաղապահ բժիշկներն օգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 50 բնակչի։
2022-ի սկզբից ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 200 բնակիչների: