Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասին COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների «հիմնական իրավունքները վերականգնելու» մասին հայտարարություն է արել, որը մեծ աղմուկ է առաջացրել գերմանական հասարակությունում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ավելի վաղ գերմանական «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում Մաասն իր միտքը հիմնավորել էր նրանով, որ «եթե ռեստորանում կամ կինոթատրոնում հավաքվեն միայն պատվաստված քաղաքացիները, նրանք այլեւս վտանգավոր չեն լինի միմյանց համար»:
Սոցցանցերում նախարարի առաջարկն անվանել են անպատասխանատու եւ վնասակար, իսկ քաղաքական ընդդիմությունն այն որակել է ամբոխահաճո ու չկշռադատված: Որոշ գնահատականների համաձայն՝ այդ գաղափարով Մերկելի կառավարությունն ընդունում է, որ հասարակությունն այսուհետ բաժանվելու է երկու՝ արտոնյալ եւ արտոնություններից զուրկ ցածրակարգ մարդկանց ճամբարների:
Գերմանիայում անցյալ տարվա նոյեմբերի 2-ից սահմանափակման միջոցառումներ են մտցվել, դեկտեմբերի 16-ին դրանք ավելի են խստացվել, իսկ հունվարի 11-ից եղել են լրացուցիչ սահմանափակումներ:
Դպրոցներն ու համալսարանները գործում են առցանց ռեժիմով, վարակվածության բարձր տոկոս ունեցող շրջաններում բնակիչներին առանց հիմնավոր պատճառի բնակավայրից 15 կմ շառավղով հեռանալ չի թույլատրվում, մասնավոր անձնաց հանդիպումները խստիվ սահմանափկվել են:
Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից մինչ օրս, ազգային ծրագրով, պատվաստվել է ավելի քան մեկ միլիոն մարդ. առաջին հերթին՝ 80-ն անց քաղաքացիներ, ծերանոցների եւ վերականգնողական կենտրոնների աշխատակիցներ:
Խնամյալների պաշտպանության հիմնադրամի ղեկավար Օյգեն Բրիշը, դատապարտելով արտգործնախարարի գաղափարը, հայտարարել է, որ այսօր «դեռ ոչ ոք չգիտի՝ ընդունա՞կ է արդյոք պատվաստվածը վիրուսը փոխանցել մեկ ուրիշի»: Գերմանիայի առողջապահության նախարարությունը համաձայնել է Բրիշի տեսակետի հետ: