Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել կալանքից։ Մելիքյանը նշել է, որ ադրբեջանական, ապա հայկական բանտում 84 օր կալանված Ամիրխանյանը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ:
Ըստ Մելիքյանի` թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։
Ավելի վաղ փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնել էր, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատազրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի կալանքից։ Ավագյանը նշել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 31-ին ընդունած որոշմամբ մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։
Միեւնույն ժամանակ ադրբեջանական գերությունից վերադարձած 2016-ի Քառօրյա պատերազմի, 2020-ի հուլիսյան մարտերի եւ 44-օրյա պատերազմի մասնակից Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել էր, որ իր պաշտպանյալը փետրվարի 6-ին ազատ կարձակվի։ Սակայն Արամյանի ազատման վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա: