Գահակալման պլատինե հոբելյանը տոնող Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը թագավորական ընտանիքի թվիթերյան գրառման մեջ ուղերձ է հղել ժողովրդին իր գահակալության 70-ամյակի նախօրեին` հայտնելով նաեւ՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին։
Թագուհին հանրությանն ու իր ընտանիքին աջակցության համար շնորհակալություն է հայտնել եւ հավելել, որ անհամբերությամբ է սպասում 70-ամյա կառավարման համար կազմակերպվող տոնակատարություններին։ Միաժամանակ, նա հայտնել է, որ իր ավագ որդին` Չարլզը, կդառնա թագավոր, իսկ նրա կինը` Կամիլիան, կլինի թագուհին։
«Ես գիտեմ, որ Չարլզին եւ նրա կնոջը դուք նույն աջակցությունը կցուցաբերեք, ինչ ինձ»,– ասել է Եղիսաբեթ Երկրորդը։
Ամբողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։
Եղիսաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952-ի փետրվարին, թագադրվել է հոր՝ Ջորջ Վեցերորդ թագավորի մահից հետո՝ 1953-ի հունիսի 2-ին։
21-ամյա Եղիսաբեթը 1947-ին ամուսնացել է բրիտանական նավատորմի սպա, հունական եւ դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռ, 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ։ Մեկ տարի անց` 1948-ին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, 1950-ի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960-ին ծնվել է թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին՝ երրորդը՝ արքայազն Էդուարդը։