Ֆրանսիական կառավարության եւ ԵՄ-ի միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության եւ ԵՄ պատվիրակության կողմից դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Բաքվի փոխանցած 8 հայ գերիներն են Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Վաղարշակ Մալոյանը:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ վերադարձածներից 4-ը՝ Սարգիս Թարզյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը եւ Վաղարշակ Մալոյանը, Շիրակի մարզից են:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին եւ զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։
«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից եւ Բաքվից տեղափոխվել են Երեւան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,- թվիթերյան գրառման մեջ նշել է նա։
Մակրոնը հրապարակել է նաեւ ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։
Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձված 8 հայ գերիներին թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«8 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների զրույցին հաջորդած դրական գործընթացի ազդանշան է։ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը», — ընդգծել է Եվրախորհրդի նախագահը:
Ինչ է ակնկալում Բաքուն
Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի: Հանձնաժողովը մանրամասնել է, որ նրանց մի մասը 2021-ի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ գերեվարված զինծառայողներ են:
Բաքուն ակնկալում է 8 հայ գերիների դիմաց ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների մասին, որոնք, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, եւ այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 149 զինծառայողների եւ քաղաքացիական անձանց։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռևս պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ: