Թուրքական ընդդիմադիր «Sözcü» օրաթերթը հայտնում է, որ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ունեցել են հեռախոսազրույց, որի վերաբերյալ Իսրայելի հայտնի «Times of Israel» պարբերականը հետաքրքիր նյութ է հրապարակել՝ շեշտելով, որ Էրդողանի քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ, կարծես, սկսել է փոխվել։
Իսրայելի նախագահ Հերցոգը հեռախոսով կապվել է Թուրքիայի նախագահի հետ՝ Էրդողանին ու կնոջը շուտափույթ առողջացում մաղթելու նպատակով, հայտնում է օրաթերթը։ Զրույցի ընթացքում ընդհանուր եզրերով քննարկվել են նաեւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, նախագահների հնարավոր այցերը, հնարավոր տնտեսական համագործակցության հեռանկարները։
«Times of Israel»-ը նշում է, որ Թուրքիան ներկայում տնտեսական մեծ ճգնաժամի մեջ է եւ ամեն կերպ փորձում է ելքեր փնտրել այդ իրավիճակից։ Նախագահ Էրդողանը անհանգստացած է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիայի թշնամի Հունաստանը, աշխատում են համատեղ խողովակաշարի կառուցման ուղղությամբ, որով արեւելյան Միջերկրածովյան գազը արտահանվելու է Եվրոպա (2020-ին կնքված համաձայնագրի հիման վրա)։
Երբ ԱՄՆ նախագահ Բայդենը դադարեցրեց իր աջակցությունը երկրորդ նման խողովակաշարի կառուցման ծրագրին, Էրդողանը որոշեց, որ Թուրքիան պետք է մաս կազմի Իսրայելի գազի՝ դեպի Եվրոպա արտահանման գործընթացին։
Իսրայելի իշխանության ներկայացուցիչները, ըստ թերթի, նշել են, որ ինչքան էլ Թուրքիան ցանկանա բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, դա ոչ մի դեպքում չի արվի Հունաստանի ու Կիպրոսի հունական հատվածի հետ Իսրայելի հարաբերությունները վտանգելու գնով։
Բացի այդ՝ Էրդողանը հայտնել է, որ մարտի կեսերին Իսրայելի նախագահ Հերցոգը այցելելու է Թուրքիա։ «Times of Israel»-ի թղթակիցները փորձել են ճշտել տեղեկության հավաստիությունը, բայց Հերցոգի խոսնակը չի հաստատել տեղեկությունը ու հրաժարվել է Էրդողանի հայտարարության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը