Ադրբեջանական գազը երկրորդ շնչառությունն է ապրում։ Ռուս-ուկրաինական ճգնաժամը Եվրոպային ստիպում է գազի նոր աղբյուրներ փնտրել «մոտակայքում»։ Ռուսաստանը Եվրոպային սպառնում է ճգնաժամը լուծել գազային շանտաժով, այսինքն՝ անջատել Եվրոպա մտնող ռուսական գազը։ Հունգարիան, օրինակ, ակնկալում է, որ ադրբեջանական գազ կգնի 2023-ից։ Բաքուն հայտարարել է, որ «պատրաստ է մեծացնելու Եվրոպա գազի մատակարարման ծավալները՝ պահանջարկի եւ պայմանագրերի առկայության դեպքում»։
Պարզ է դառնում, որ Ադրբեջանը շունչը պահած սպասում է, որ Ուկրաինայում պատերազմ կսկսվի, կամ գոնե հակամարտությունը Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ կստեղծի անդառնալի մի իրավիճակ, որը կա՛մ կխորացնի ճգնաժամը, կա՛մ կպահպանի առկա ճգնաժամի «ստատուս քվոն»։
ԵՄ-ն գազի ծավալներն ընդլայնելու հարցի շուրջ շարունակում է բանակցությունները նաեւ Ալժիրի, Քաթարի ու Նորվեգիայի հետ։ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել է Ադրբեջան՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի երկրների նախարարների հանդիպմանը։ ԵՄ-ն եւ Ադրբեջանը արդեն իսկ պայմանավորվել են ավելացնել համագործակցությունը Եվրոպա գազի մատակարարումների ուղղությամբ:
Կարճ ասած՝ Ադրբեջանն իր համար ցանկալի լայն դաշտ է ստանում Ղարաբաղի հարցում «ցանկալի» հարված հասցնելու ռուսներին՝ նրանց Արցախից դուրս մղելու համար։ Ավելին՝ նա կարող է գազի թեման օգտագործել Հայաստանի հետ «երկաթյա խաղաղության» հասնելու տրամաբանության տեսանկյունից։ Նա Եվրոպային կարող է հասկացնել, որ թողունակության մեծացման համար կարող է գազատար կառուցել հենց Հայաստանի տարածքով։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն իր հերթին մեծ դեր կունենա «այս կողմերում» խաղաղության դարաշրջան բացելու գործում։
Այդ դարաշրջանի երկաթյա կնիքն, ըստ Ադրբեջանի, կլինի հենց Եվրոպա մտնող սեփական գազը, որը ոչ մեկին թույլ չի տա ղարաբաղյան երկրորդ հակամարտություն եւ նոր «օկուպացիա»։
Հիմա, երբ Ֆրանսիան եւ Ամերիկան Ռուսաստանին ու Թուրքիային ասում են, թե Արցախի վերջնական կարգավիճակի հարցը դեռ ճշտված չէ, բնականաբար նկատի ունեն, որ նրանց թույլ չեն տա կուլ տալ Ղարաբաղը։ Ադրբեջանը ԵՄ այլ երկրներից հույս ունի գազով ստանալ ամբողջությամբ իր տիրապետության տակ գտնվող Ղարաբաղ։ Իսկ ԵՄ-ն, ակնհայտ է, բնավ դեմ չէ ռուսներին դուրս մղել այստեղից, բայց թուրքերին թույլ տալը, որ Ղարաբաղում փոխարինեն ռուսներին, նույնպես ցանկալի տարբերակ չէ։
Սա իր հերթին ենթադրում է, որ ԵՄ-ն առնվազն չի խանգարի, որ Ամերիկան ու Ֆրանսիան փորձեն լուծել Արցախի կարգավիճակի հարցը, որը պարտադիր չէ, որ լինի տեղի հայերի օգտին, բայց բնավ չի նշանակում, որ ադրբեջանցիները հաստատ գոհ կլինեն լուծումից։
Ադրբեջանի գազը դերախաղի առաջխաղացում ունի աշխարհում։ Նաեւ այս տրամաբանությամբ Հայաստանը կարող է դառնալ այդ դերախաղի կցորդ, այսինքն՝ խաղացող։ Եթե, իհարկե, գազամուղն անցնի Հայաստանով։ Իսկ եթե չանցնի, միեւնույնն է, Եվրոպան գլխացավանքներ կունենա, Ադրբեջանի շահերն այստեղ հաշվի չառնելիս։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: