Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, թե ռուս-ճապոնական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայի հետ՝ հիմնված նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների վրա, եւ ցավում է, որ այդ հարցը դեռ չի լուծվել։
Ճապոնիան փետրվարի 7-ին նշում է Հյուսիսային տարածքների՝ Հարավային Կուրիլների չորս կղզիների օրը: Կղզիների պատկանելության հարցը ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների առանցքային թեման է:
Ռուսաստանն ու Ճապոնիան 20-րդ դարի կեսից բանակցություններ են վարում Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու հարցով։ Գլխավոր խոչընդոտը Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում անհամաձայնությունն է։
Ճապոնիան առ այսօր վիճարկում է պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միության կազմում ընդգրկված ամբողջ կղզեխմբի՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմայի մի խումբ անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին բազմիցս հայտարարել է, թե համապատասխան միջազգային իրավական նորմերով՝ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկած չի հարուցում։
1956-ին Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չէր շոշափվել
1956-ին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ում հույս ունեին, թե Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի տեւական վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:
2018-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956-ի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը:
Տոկիոյում ԱՄՆ դեսպանը սատարել է Ճապոնիային
Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը հերթական անգամ հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների տարածքային պատկանելության հարցում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միասնական դիրքորոշման մասին:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ճապոնիայի դիրքորոշումը հյուսիսային տարածքների հարցում եւ 1950-ականներից ի վեր ճանաչում ճապոնական ինքնիշխնությունը չորս վիճելի կղզիների նկատմամբ: Ռամ Էմանուելը հավելել է, թե փաստը, որ Ռուսաստանն արհամարհում է մյուս երկրների ինքնիշխանությունը, նույնպես նոր չէ: