Ես բարոյական պարտավորություն ունեի Արցախի նախկին պաշտոնյաների մասին չխոսելու եւ մի քանի տարի է՝ բարեխղճորեն լռում եմ։ Դաշնակցության 131-ամյակի ժողովը, կարծում եմ, այդ «տաբուն» հանեց։ Չգիտեմ՝ ի՞նչ կտա դա ինձ, կտա՞, թե՞ ավելին կխլի, բայց, ինչպես ասում են, «ջուրն ընկածին անձրեւն ի՞նչ»։
Շատ քչերը, երեւի միայն Արցախի քաղաքական անցուդարձին տեղյակ մարդիկ կարող էին արձանագրել մի արտառոց երեւույթ․ ժողովում ելույթի խոսք ասաց նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, որը հետեւյալ «ողնաշարային» գնահատականը հնչեցրեց, թե «տարիներ շարունակ արտասահմանից սնվող հասարակական եւ իրավապաշտպան շատ կազմակերպություններ (կարծես Դաշնակցությունը չի սնվում նաեւ արտասահմանից — Վ․Ա․) եւ ցավալիորեն նույն դաշտի հասարակական ներկայացուցիչները կայծակնային արագությամբ, ցանցային սկզբունքով արմատներ գցեցին նաեւ Արցախում, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակներում»։
Ե՞րբ դա տեղի ունեցավ, ովքե՞ր են այդ «ցանցային սկզբունքով արմատներ գցել» նաեւ Արցախում՝ ոչ մի կոնկրետություն, հասցեական ոչ մի հղում, բայց դա չէ էականը։ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի այս արձանագրում-գնահատականը դահլիճում լսում էր Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Ես չգիտեմ՝ ինչ ապրումներ է ունեցել նա (կուզենայի իմանալ), բայց ստույգ է մի բան․ 2007-ին ԼՂՀ նախագահի պաշտոնում որպես «միասնական թեկնածու» նրան առաջադրել է ՀՅԴ Արցախի կազմակերպությունը, որի ԿԿ ներկայացուցիչը նույն ելույթն ունեցող անձն էր։ Բակո Սահակյանի ընտրվելուց հետո նա նշանակվեց․․․ արդարադատության նախարար։ Մարդ, որ մասնագիտությամբ պատմաբան-ուսուցիչ էր։
Կարճ ժամանակ անց նա առաջադրվեց Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու եւ, իհարկե, Ազգային ժողովում փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց։ Մարդն այդ պաշտոնը զբաղեցրել է վեց տարի, նույնքան անգամ Ազգային ժողովին տարեկան հաշվետվություն է ներկայացրել, ապա՝ առաջիկա անելիքների ծրագիր եւ, բնականաբար, միշտ արժանացել քաղաքական ըմբռնման։
Եվ ոչ մի անգամ չի հետաքրքվել, թե որ ՀԿ-ն կամ «Հիմնադրամը» ինչ միջոցների հաշվին է Արցախում «ցանցային բարեգործություն» կամ «հանրային գործունեություն» իրականացնում, ով է նրա հովանավորը, ինչ «նպատակային ծրագիր» է իրականացնում։ Ամենաբարձր մակարդակը, որտեղ հասել է Վերահսկիչ պալատի ձեռքը, մի որեւէ կորած-մոլորված համայնքն է եղել, բացահայտած «յուրացումը», որ համայնքի ղեկավարը, գուցե, շրջանային վարչակազմից ստացած 100 լիտր բենզինից մի 20-ը «ոչ նպատակային է ծախսել»։
Մարդ է, մի անգամ անձնական օգտագործման մեքենայով կնոջը Ստեփանակերտ՝ վարսհարդարի մոտ է տարել, համայնքային «սեփականությունից» է «Նիվան» լիցքավորել։ Ավելի առարկայական խախտում, որ Վերահսկիչ պալատը բացահայտած, հրապարակայնացրած լինի, գոնե ես չեմ հիշում, թեեւ Ազգային ժողովի պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ եմ եղել։
Եվ ի՞նչ։ Նույն մարդը 2014-2019 թվականներին պաշտոնավարել է որպես․․․ գլխավոր դատախազ։ Նրան միանգամից շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Պատկերացնո՞ւմ եք, առաջին պատերազմում մայորի աստիճանից՝ արդարադատության գեներալ-մայոր։ Այն դեպքում, երբ դատախազության, առհասարակ իրավապահ համակարգում չի ունեցել մասնագիտական ծառայության գոնե մեկ օրվա փորձ։
Պատերազմին մասնակցության, մարտական ծառայությունների համար նա արժանացել է մայորի կոչման եւ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի, նշանակվել շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ։ Իր քաղաքը, շրջանը նրան ավելի բարձր են գնահատել, ընտրել են Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ զբաղեցրել է պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Ի՞նչ կարիք կար, որ քաղաքական կարիերան նա շարունակեր որպես․․․ արդարադատության նախարար, հետո՝ Վերահսկիչ պալատի նախագահ, վերջում՝ գլխավոր դատախազ։ Մի պաշտոն, որից նա հրաժարվել է Հայաստանում «սորոսական իշխանափոխությունից» մեկուկես տարի անց՝ 2019-ի վերջին, երբ պարզ էր, որ մի քանի ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններին Բակո Սահակյանը չի առաջադրվի։
Գլխավոր դատախազի պաշտոնում՝ 2014-2019 թվականներին նա չի՞ տեսել, որ «արտասահմանից ֆինանսավորվող ցանցային կառույցները նաեւ Արցախում են արմատներ գցում», չի՞ նկատել, որ սկիզբ է առնում «պետականաքանդության գործընթաց»,եւ «թիրախավորվում են բանակը, եկեղեցին, ազգային կուսակցությունները, հայկական ընտանիքը»։ Դա հատուկ ծառայությունների՞ ոլորտն էր։
Ինչպես ասում են՝ պարդոն, օրենքով դատախազությունը բոլոր ուժային կառույցների նկատմամբ վերահսկողության գործառույթ ունի։ Արցախը փոքր է, բոլորը բոլորին գիտեն, տեղյակ են՝ «ով ինչով եւ ինչպես է շնչում»։ Ինչո՞ւ «պետականաքանդման գործընթացը» չի կանխվել, ավելին՝ նույնիսկ չի դիտարկվել։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի ելույթը լսելիս ի՞նչ ապրումներ է ունեցել Բակո Սահակյանը։ Մարդ, որ Հայաստանում «սորոսական իշխանափոխությունից» հետո ուղիղ երկու տարի շարունակել է պաշտոնավարել որպես Արցախի նախագահ։ Մարդ, որ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ընդունել է Նիկոլ Փաշինյանին, նրա հետ կանգնել նույն հարթակում, երբ վերջինս էքստազի մեջ ճղավում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ բազմահազարանոց հրապարակը՝ թնդում ծափերից եւ «հուռա»-ներից։
Ե՞րբ է սկսվել Արցախի «պետականաքանդումը»։ Արդյո՞ք ոչ այն ժամանակ, երբ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը «սառեցրել է» հեղափոխական կուսակցությանն անդամակցությունը եւ օրենքի ու բարոյականության կոպտագույն խախտմամբ գլխավոր դատախազ նշանակվել՝ նվաստացնելով համակարգում երկարամյա ծառայության փորձ, վաստակ եւ հանրային անառարկելի հեղինակություն վայելող՝ արդարադատության իրական մի քանի գեներալի։ Եվ ո՞րն է «սորոսականությունը»։ Մի ՀԿ-ի «չփլախ» գործունեությո՞ւնը, թե՞ պետական կառավարման համակարգի եւ հանրային կարծիքի վրա «թքած ունենալը»։
Եթե Արցախում «պետականաքանդությունը» դա չէ, եւ «նոր արշալույսն» էլ պիտի վերականգնի «հին եւ բարի»՝ «տղաներով հարց որոշելու ավանդույթը», ապա այլ բան չի մնում, քան կրկնել բանաստեղծի խնդրանքը․
-Ինձ բա՛ց թողեք, ես գնամ․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։