1991-ից ի վեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ Անկարան առաջ է քաշել երեք նախապայման՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի վերականգնում, որը կբավարարեր Ադրբեջանի նվազագույն պահանջները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում (կամ՝ Երեւանը մաս չի կազմում Սփյուռքի կողմից տարվող ջանքերին) եւ ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչում, այն է՝ 1921 թվականի Կարսի պայմանագրի վերահաստատում:
Այսօր գործընթացը առաջ շարժելու տեսանկյունից Թուրքիայի համար պայմաններն ավելի նպաստավոր են, քանի որ Անկարայի նախապայմաններից մեկը բավարարվել է ամբողջությամբ եւ ավելիով (Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ վերահսկողություն է սահմանել Արցախին հարակից 7 շրջանների նկատմամբ, ինչպես նաեւ գրավել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 25 տոկոսը, այդ թվում՝ Հադրութն ու Շուշին), իսկ մյուս երկու նախապայմանների շուրջ տիրում է «ջենտլմենական լռություն»:
Թուրքիան այլեւս չի զգում Ադրբեջանի կողմից առարկությունները, ինչպես դա հատկապես նկատելի էր 2008-2009 թվականների «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Բաքվում իջեցվում էին թուրքական դրոշները:
Անկարան այսօր չի խոսում նախապայմաններից, քանի որ դրանք, ըստ էության, բավարարվել են: Չի բացառվում, անշուշտ, որ գործընթացի որեւէ փուլում, ինչպես եղել է նախկինում, թուրքերը, այնուամենայնիվ, դրանք առաջ քաշեն: Մասնավորապես, Անկարան կարող է վերակենդանացնել «պատմաբանների հանձնաժողովի» առաջարկը, որ նրանք արել են 2005-ին, ինչպես նաեւ 2008-ին՝ «միջկառավարական հանձնաժողով» անունով, որը տեղ է գտել Ցյուրիխում ստորագրված, սակայն չվավերացված արձանագրություններում:
Նույն արձանագրություններում տեղ է գտել նաեւ ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչելու կետը, ճիշտ է՝ անուղղակի կերպով: Փաստացի, թուրքերը կարող են պահարանից հանել երկու արձանագրությունները, մաքրել փոշին եւ դրանք կրկին դնել սեղանին: Հայկական կողմը, ինչպես 2008-2009-ին, այնպես էլ այսօր, պատրաստ է դրանք վավերացնելու: Ամբողջ խնդիրն այն է՝ Թուրքիան կբավարարվի՞ դրանով, թե՞ կփորձի նոր խոստումներ ու զիջումներ կորզել Հայաստանից ու նրա իշխանություններից:
Թուրքիան, եթե մտադրված չէ վերանայելու Հայաստանի հանդեպ նախկին քաղաքականությունը, կարող է նաեւ նոր նախապայման առաջ քաշել, ինչպես Ադրբեջանի կողմից առաջ տարվող «Զանգեզուրյան միջանցքն է»: Հայաստանի համար սա կարմիր գիծ է, եւ այս հարցում Երեւանն ունի Մոսկվայի աջակցությունը:
Հայաստան-Թուրքիա գործընթացը «ֆուտբոլային դիվանագիտությունից» տարբերվում է նաեւ նրանով, որ Անկարայում այսօր առկա է միակենտրոն իշխանություն: Եթե 2008-2009 թվականներին Սերժ Սարգսյանը գործընթաց էր սկսել իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ, ով իրական իշխանություն չուներ, ապա այսօր Նիկոլ Փաշինյանի զրուցակիցը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Երրորդ, ոչ պակաս կարեւոր տարբերությունն այն է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում կա թվացյալ համաձայնություն Մոսկվա-Անկարա մակարդակում, եւ թվում է, Ռուսաստանը եւս դեմ չէ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակմանը:
Մոսկվան հրապարակավ երբեք դեմ չի արտահայտվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հաստատմանը, սակայն խորքում միշտ ունեցել է վերապահումներ ու մտահոգություններ: Մասնավորապես, սահմանների բացման դեպքում կարող էր առաջ գալ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ավելորդությունը: Բացի այդ՝ Թուրքիա-Հայաստան սահմանի ապաշրջափակումը նշանակում է ռուսական ներկայության նվազում Հայաստանում եւ թուրքականի ավելացում:
Այսօր, սակայն, ռուսներն ավելի հանգիստ են: Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության չափը ռուսները շատ լավ գիտեն: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը արտաքին քաղաքականության հարցում «կոմպլեմենտար» կամ «եւ եւ»-ի քաղաքականության ռեսուրսներ ուղղակի չունեն: Ավելին՝ շրջանառվում են խոսակցություններ, որ ԵԱՏՄ-ից հետո կլինի նաեւ միութենական միասնական պետություն: Այս դեպքում արդեն թուրք-հայկական սահմանը ավելի մոտ կլինի այն կարգավիճակին, ինչպիսին էր խորհրդային տարիներին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։