44-օրյա պատերազմի աղետից հետո ՀՅԴ-ն Արցախի հարցում անցել է նոր մանիպուլյացիաների. ցայտուն դրսեւորումը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ կուսակցության հիմնադրման 131-ամյակի միջոցառման ելույթն էր, երբ խոսելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ ասաց. «Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները. կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը: Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն մեր կենսական շահերը»։
Թվում էր՝ տարիներ շարունակ հասարակական գիտակցությունը ոչմիթիզականության քարոզով մոլորեցնելուց եւ այդպես իրենց հերթին երկիրն ու ժողովրդին անդառնալի աղետի հասցնելուց հետո ՀՅԴ-ականները պետք է վերանայեին իրենց քաղաքականությունը, նույնիսկ ներողություն խնդրեին: Բայց ոչ: Նրանք հիմա էլ նոր առասպել են հյուսում՝ հայդատականության գաղափարական «ծիրին մեջ», ու փորձում հասարակությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել: Իշխան Սաղաթելյանի ելույթը հենց դրա ապացույցն էր:
Այլապես ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ իրենք ձգտելու են նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն Հայաստանի կենսական շահերը:
Ինչ-որ մեկն իրո՞ք հավատում է, որ հնարավոր է նման բան: Հազիվ թե: Համոզված ենք՝ Իշխան Սաղաթելյանն ինքն էլ ներքուստ գիտակցում է, որ անհնար է որեւէ նոր եռակողմ հայտարարության ընդունում, որը կենթադրի 2020-ի կնքված փաստաթղթի դրույթների վերանայում: Մանավանդ, երբ Իշխան Սաղաթելյանն ինքն էլ ելույթում հայտարարեց, թե «փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են»։ Եվ ուրեմն իրավիճակի ի՞նչ փոփոխության ու դրա արդյունքում ի՞նչ նոր փաստաթղթի մասին կարելի է խոսել այսքանից հետո:
Էլ չենք ասում այն մասին, որ եռակողմ հայտարարության վերանայման ցանկացած փորձ հանգեցնելու է էլ ավելի մեծ աղետի: Ավելի կոնկրետ, նման փորձը հղի է նոր պատերազմով: Եվ Իշխան Սաղաթելյանն ինքն էլ շատ լավ գիտակցում է այս ամենը, այլապես նա չէր փորձի «ցրել կասկածները»՝ հայտարարելով, թե «Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ։ Սա կենսական պայքար է հայ ժողովրդի ապրելու իրավունքի եւ պետականություն ունենալու համար»։
Իսկապես, եթե սա ժողովրդին նոր պատերազմի տանելու արկածախնդրություն չէ, ապա ի՞նչ է. եթե ոչ նոր պատերազմով, ապա ինչպե՞ս պետք է վերանայվեն եռակողմ հայտարարության՝ արդեն իսկ գերազանցապես կատարված դրույթները:
Ադրբեջանը պետք է հե՞տ քաշի զորքերը տարածքներից, որ տարիներ շարունակ փորձում էր բանակցություններով ստանալ, բայց վերցրեց զենքի ուժով՝ միաժամանակ ի լուր աշխարհի հայտարարելով, թե Արցախի խնդիրը լուծված է, թե՞ ռուս խաղաղապահները իրենց զբաղեցրած տարածքները պետք է նվիրեն հայկական կողմին:
Բայց ո՞ւմ, ի՞նչ ենք ասում: Կուսակցությունը, որ արդեն հարյուր տարի է՝ ցեղասպանության հարցը դարձրել է քաղաքական բիզնեսի առարկա, ինչո՞ւ չպետք է նույն կերպ վարվի նաեւ արցախյան խնդրի հետ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: