Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել:
«Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- իրեն բնորոշ գռեհիկ եւ անզուսպ տոնով ասել է Լուկաշենկոն:
Հայ ժողովուրդը եւ նրա ֆեյսբուքյան հատվածը շատ է վիրավորվել՝ ինչպե՞ս թե Հայաստանը փախչելու տեղ չունի, ինչպե՞ս թե նրանք որեւէ մեկին պետք չեն:
Հիշո՞ւմ եք Գրիզլովի 2004 թվականի խոսքը, երբ Ռուսաստանի Պետդումայի խոսնակը Հայաստանը համեմատեց ֆորպոստի հետ: Այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը համարձակություն ունեցավ առարկելու:
«Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ չի կարող լինել որեւէ երկրի ֆորպոստ»,- ասել էր Բաղդասարյանը:
Առիթից օգտվել էր նաեւ իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւը. «Վերջերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: Մենք միշտ կարծում էինք, որ Հայաստանը պետություն է: Իսկ հիմա պարզվեց, որ այն ֆորպոստ է, եւ մենք այժմ չգիտենք, թե ում հետ վարենք բանակցությունները` այդ ֆորպոստի՞, թե՞ նրա տիրոջ հետ»:
Այստեղ, իհարկե, ես էլ կարող եմ ասել՝ Ալիեւը, Լուկաշենկոն, Գրիզլովը եւ բոլոր նրանք, ովքեր վիրավորում են Հայաստանն ու նրա ժողովրդին, գլուխը պատովն են տվել:
Բայց, խոցված իմ ժողովուրդ, թույլ տվեք մի բան պատմել:
Դա երկար, շատ երկար պատմություն է: Թույլ տվեք պատմել մի քանի նախադասությամբ՝ Իսրայել Օրուց մինչեւ Նիկոլ Փաշինյան՝ հայ քաղաքական մտքի պատմությունը, որի էությունը հետեւյալն է՝ խնդրենք երրորդ երկրներին, որ իրենց զորքերով գան, պաշտպանության տակ առնեն, եթե պետք է, ազատագրեն Հայաստանն ու հայ ժողովորդին բարբարոս հարեւաններից:
Հիմա այդպես չէ՞: Ի՞նչ են անում ռուս խաղաղապահները Արցախում, ինչո՞վ է պայմանավորված ռուսական ներկայությունը Սյունիքում, Գեղարքունիքում:
Եղել են անշուշտ նաեւ բացառություններ: Այսպիսի բացառություն էին Արամ Մանուկյանն ու Հովհաննես Քաջազնունին 20-րդ դարի երկրորդ տասնամյակում եւ Հայոց համազգային շարժումը նույն դարի 80-ականների վերջերին:
Երբ հայ ժողովուրդը բնաջնջվում էր պատմական հայրենիքում, Արամն ու Քաջազնունին մերժեցին երրորդ երկրների վրա հույս դնելու եւ նրանցից օգնություն խնդրելու արատավոր մտայնությունը եւ ուղիղ խոսակցության մեջ մտան մեր դարավոր թշնամու՝ թուրքի հետ:
Երբ 80-ականների վերջերին հայ կոմունիստները, ռուսախոս ինտելիգենցիան, որի կարկառուն խոսափողը Զորի Բալայանն էր, հույսները դրել էին Մոսկվայի վրա եւ բարձր ամբիոններից ու մամուլի էջերից ռուսներին բացատրում էին, թե որն է նրանց շահը Անդրկովկասում, եւ թե ինչքան վտանգավոր է Ռուսաստանի համար պանթուրանականությունը, Խորհրդային Հայաստանում ձեւավորվեց նոր քաղաքական մտածողություն՝ հույս չդնել երրորդ երկրների վրա եւ ուղղակի խոսել հարեւանների հետ:
Ինչպես Առաջին հանրապետության, այնպես էլ Երրորդ հանրապետության շրջանում հայ քաղաքական մտածողությունը՝ չփորձել երրորդ երկրի զորքով փրկել հայրենիքը, այլ խոսել անողոք հարեւանի հետ, երկար ընթացք չունեցավ: Հայ քաղաքական մտածողությունը՝ երրորդ ուժին չապավինելը, պարտություն կրեց զորիբալայանական մտածողությանը:
Պետականակերտման եւ պետություն հիմնադրելու փոխարեն մենք փնտրեցինք հովանավորների: Թուրքիայի հետ խոսելու փոխարեն (այո, դժվար, շատ դժվար, երբեմն՝ անհնարին թվացող բան է) մենք արտաքին քաղաքականության հիմքում դրեցինք պահանջատիրությունը: Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծելու փոխարեն (սա էլ է անհնարին թվացող բան, բայց մենք պետություն էի՞նք, պետություն ե՞նք, թե՞…) հավատացինք մեծ Հայաստանի երազին ու պատրանքներին:
Այսօր ոչ թե պետք է վիրավորվել Գրիզլովի, Լուկաշենկոյի, Ալիեւի եւ մյուս անկիրթ առաջնորդների խոսքերից, այլ հասկանալ, թե ինչու այսպես եղավ եւ ինչու է միշտ այսպես լինում:
Ցավոք, հայ ժողովրդի մի մեծ հատված շարունակում է հույս դնել երրորդ երկրների վրա՝ ստեղծելով եւ պրոպագանդելով պատրանքներ, որ նրանք կգան ու կփրկեն մեզ թուրքի ձեռքից:
Ոչ մեկն այսպես էլ չի գալիս մեզ օգնության, ինչպես չեկավ 44-օրյա աղետի օրերին: Գալիս են այն ժամանակ, երբ իրենց շահերն են թելադրում:
Բայց մենք շարունակում ենք անհուսալիորեն հավատալ երրորդ երկրներին, որ նրանք մի օր գալու եւ փրկելու են մեզ՝ Իսրայել Օրուց մինչեւ Նիկոլ Փաշինյան:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։