Բաքվի ADA համալսարանի գործադիր պրոռեկտոր Ֆարիզ Իսմաիլզադեն թուրքական Daily Sabah պարբերականում ներկայացրել է Ղարաբաղի ապագայի մասին պատերազմից հետո Ադրբեջանում առկա պատկերացումները։ Թեեւ դրանք շատ դեպքերում չեն համընկնում այդ երկրի իշխանությունների կոշտ եւ այլամերժ հռետորաբանությանը, բայց արժե իմանալ, թե ի՞նչ են մտածում հարեւան երկրի մայրաքաղաքում։
Ղարաբաղի ապագան. ադրբեջանական հեռանկար
Վերջին 30 տարում Ադրբեջանն ու Հայաստանը ավարտին հասցրին Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ռազմական եւ տնտեսական գերազանցության շնորհիվ Ադրբեջանը 1993 թվականից ի վեր առաջին անգամ կարողացավ ազատագրել իր միջազգայնորեն ճանաչված տարածքը հայկական օկուպացիայից եւ վերականգնել իր ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ:
Ավելի քան 800,000 ադրբեջանցի տեղահանվածներ հնարավորություն կունենան վերադառնալու իրենց տները: Միեւնույն ժամանակ շուրջ 60,000 հայ մնում է Ղարաբաղի որոշ շրջաններում: Հրադադարի ռեժիմը պահպանում են վերջերս ժամանած ռուս խաղաղապահները, որոնք առաջիկա հինգ տարիներին տարածքում գործողություն իրականացնելու իրավասություն ունեն:
Մինչ Ադրբեջանում շատերը հպարտությամբ նշում են պատմական այս հաղթանակը եւ հրճվում հայրենի հողերը կրկին տեսնելու հնարավորությամբ, փորձագետներն ու քաղաքական գործիչներն արդեն սկսել են Ղարաբաղի ապագան ուրվագծող ծրագրեր կազմել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվում է վերականգնման, վերակառուցմամն եւ զարգացման նոր դարաշրջան:
Անշուշտ, ազատագրված տարածքները մեծապես ավերվել եւ թալանվել են տասնամյակներ տեւած օկուպացիայի հետեւանքով: Ենթակառուցվածքների մեծ մասը քայքայված է եւ հիմքից պետք է վերակառուցվի:
Ադրբեջանի կառավարությունը սկսել է ճանապարհաշինություն դեպի Շուշա, երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրություն եւ տարածաշրջանում գյուղատնտեսության, շինարարության եւ զբոսաշրջության ոլորտների համար բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր: Այնուամենայնիվ, առաջնահերթ անելիքը կլինեն ականազերծումը եւ ադրբեջանցի տեղահանվածների աստիճանական վերադարձը:
Միեւնույն ժամանակ որոշ վերլուծաբաններ եւ փորձագետներ պնդում են, որ որքան էլ թանկ լինի, տարածքի ֆիզիկական վերակառուցումը շատ ավելի հեշտ կլինի իրականացնել, քան երկու համայնքների միջեւ խաղաղության հաստատման նախաձեռնությունները:
Ալիեւը տարածաշրջանի ապագան պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում երկու համայնքների խաղաղ գոյակցության մեջ: Որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն տարածաշրջանը երբեք չի ճանաչել որպես անկախ տարածք:
Աշխարհում բոլոր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով՝ անհրաժեշտ է մշակել պատշաճ մոդել եւ ձեւաչափ`էթնիկ հայերին ադրբեջանական պետականության մեջ ինտեգրելու համար:
Ադրբեջանը բազմազգ երկիր է: Երկրում կան մոտ 70 էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններ, բոլորը վայելում են սահմանադրական իրավունքներ եւ արտոնություններ:
Միջէթնիկական եւ միջկրոնական ներդաշնակությունն ու երկխոսությունը գերակա են երկրի քաղաքականությունում, եւ ադրբեջանցիների մեծամասնությունը երկրի էթնիկական բազմազանությունը համարում է ազգային արժեք: Հայերին առաջարկվում է այս մշակութային բազմազանության մաս կազմել եւ ապրել ադրբեջանցիների եւ այլ էթնիկ խմբերի հետ միասին:
Հայերն ու ադրբեջանցիներն ունեցել են պատերազմական ժամանակներ, բայց նաեւ խաղաղ համակեցության երկար տարիներ: Խորհրդային ժամանակներում Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում բնակվում էին շուրջ 200,000 հայեր եւ գրավում էին բարձրաստիճան պաշտոններ կառավարությունում, կրթության եւ տնտեսության ոլորտներում: Նմանապես 300,000 էթնիկ ադրբեջանցիներ ապրում էին Հայաստանում, նույնպես երկարատեւ կայունության եւ խաղաղության պայմաններում:
Ղարաբաղում երկու էթնիկ խմբերի ներկայացուցիչները սովորում էին միմյանց լեզուները, մասնակցում հարսանիքների եւ հուղարկավորությունների, կազմակերպում էին ընդհանուր տոնակատարություններ եւ մշակութային միջոցառումներ:
Տարածաշրջանի ապագան կարող է լավատեսական եւ բարեկեցիկ լինել, եթե երկու կողմերն էլ մի կողմ դնեն իրենց պատմական ցավերն ու դժգոհությունները:
Հայաստանը շրջապատված է Ադրբեջանով, Իրանով եւ Թուրքիայով, եւ Հայաստանի համար կայուն տնտեսական զարգացում ունենալու միակ միջոցը հարեւանների հետ խաղաղ ապրելն ու տարածքային ավանդական պահանջներից հրաժարվելն է։
Ադրբեջանի կառավարությունը կարծես թե ցանկանում է նավթի եկամուտները ներդնել տարածաշրջանի զարգացման մեջ։ Հարավային Կովկասի ժողովուրդները հոգնել են պատերազմներից եւ ցանկանում են կենտրոնանալ ապագա հնարավորությունների վրա։
Խանքենդին (Ստեփանակերտ)՝ Ղարաբաղի մայրաքաղաքը, ավելի մոտ է Ադրբեջանի քաղաքներին, քան Հայաստանի մայրաքաղաք Երեւանին: Տրանսպորտային երթուղիների եւ միջանցքների բացումը կարող է Հարավային Կովկասը դարձնել տարանցիկ հանգույց «Մեծ Եվրասիայի» համար:
Տարածաշրջանային համագործակցությունը Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներգրավմամբ տարածաշրջանը կարող է պաշտպանել ապագա պատերազմներից եւ անկայունությունից: Այս փուլում կարեւոր են վստահության ստեղծման նախաձեռնությունները: Ռազմագերիների փոխանակումը լավ սկիզբ կարող է լինել: Մարդասիրական օգնությունը, ականազերծումը եւ հետպատերազմյան հիմնական կարիքները հոգալը նույնպես կարող են լինել համատեղ գործողություններ:
Հասարակական գործիչների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) եւ մտավորականության փոխայցելությունները կարող են օգնել վստահության եւ համագործակցության եզրեր գտնելու: Նման այցելությունները նախկինում հազվադեպ էին օկուպացիայի պատճառով: Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին մարդասիրական կամուրջները առանցքային կլինեն տեւական խաղաղություն հաստատելու համար:
Երկու համայնքների համար նույնպես կարեւոր է բաց եւ անմիջականորեն քննարկել իրենց հուզող խնդիրները: Դա կարելի է անել առանց զենքի եւ պատերազմի: Այս երկխոսության մեջ անվտանգության հարցերը կարող են առաջնային դառնալ:
Այլ հարցերի շարքում կարող են լինել մշակութային իրավունքները, կրոնական վայրերը, կրթական հնարավորությունները եւ ընդհանուր պատմությունը: Կենտրոնանալով ընդհանուր մշակութային տարրերի վրա՝ կարելի է թուլացնել նախկին հակառակորդների միջեւ առկա անջրպետը:
Ոչ հեռու ապագայում համատեղ կրթական ծրագրեր, փոխայցելություններ, ՀԿ-ների նախագծեր կարող են կազմակերպվել եւ ֆինանսավորվել ինչպես տեղական, նույնպես եւ օտար կառավարությունների կողմից։ Հատուկ ուշադրություն կարելի է դարձնել տարածաշրջանի էկոլոգիական, բնության եւ կայուն զարգացման հարցերին:
Կարող են օգտակար լինել նաեւ երիտասարդների եւ երեխաների համար կրթական ծրագրերը, որոնք ուղղված կլինեն ազգամիջյան թշնամանքը եւ ծայրահեղ ազգայնականությունը արմատախիլ անելուն:
Այս գործընթացում կարեւոր դերակատարություն ունեն միջազգային կազմակերպությունները եւ օտարերկրյա պետությունները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանով եւ կարող են օգնել ինչպես վերակառուցման, այնպես էլ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ տեւական խաղաղություն եւ վստահություն հաստատելու գործընթացում:
Այս համատեքստում կենսական նշանակություն կունենա այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված կլինեն խաղաղության եւ փոխըմբռնման ամրապնդմանը: Անջատողականության եւ ծայրահեղականության ֆինանսավորումը կբացի հին վերքերը եւ ապագա անխուսափելի պատերազմների հիմք կդնի:
Ալիեւը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է: Տարածաշրջանը վերջապես հնարավորություն ստացավ կառուցելու երկար սպասված տեւական խաղաղություն: Շատ բան կախված կլինի քաղաքական գործիչներից եւ հետպատերազմյան շրջանում նրանց անմիջական գործողություններից:
Երկու համայնքների միջեւ վստահության եւ փոխկախվածության ստեղծումը կօգնի կանխելու հետագա պատերազմներն ու արյունահեղությունը: Ներքին բարեկեցիկ տնտեսության զարգացումը կհզորացնի երկու համայնքներին եւ նրանց ուշադրությունը պատմական թշնամանքից կտեղափոխի դեպի լավատեսական ընդհանուր ապագա:
Պատրաստեց Կարինե Դավոյանը