Եվրամիությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որդեգրած ընդլայնման քաղաքականությունը չի նպաստում գլոբալ անվտանգությանը եւ կայունությանը: ՆԱՏՕ-ն, ըստ չինացի դիվանագետների՝ Սառը պատերազմի մնացորդ է եւ աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։ Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը եւ առճակատմանը:
«Չինաստանը համարում է, որ տարածաշրջանային անվտանգությունը ռազմական դաշինքների ամրապնդմամբ կամ ընդլայնմամբ չպետք է երաշխավորվի։ Հորդորում ենք ՆԱՏՕ-ին հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից եւ գաղափարական կողմնակալությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը, շահերը, ինչպես նաեւ քաղաքակրթությունների, պատմության եւ մշակույթի բազմազանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Պեկինը ՆԱՏՕ-ին հորդորել է անել ավելին՝ երկրների միջեւ փոխվստահության ամրապնդման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման համար:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն դիտարկում է դաշինքի արեւելքում ուժերի ավելացման հնարավորությունը։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը նշել էր, որ պաշտպանության ամրապնդման շուրջ ՆԱՏՕ-ն խորհրդակցություններ է անցկացնում, թեեւ դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:
Եթե ռուսական զորքը մնա Բելառուսում՝ դա միանգամայն այլ կացություն կլինի
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի պետ, Նիդերլանդների նավատորմի լեյտենանտ-ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն իր արեւելյան ճակատը հզորացնելու նպատակով կարող է ընդարձակել ներկայությունը Լեհաստանում եւ Բալթյան երեք հանրապետություններում: Դաշինքն, ըստ Բաուերի, այդ քայլին է դիմում` հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վտանգը:
«ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետեւում է այս գործընթացներին եւ ուժի ցուցադրման դրսեւորումներին: Մեր հետագա քայլերը կախված կլինեն ռուսների կեցվածքից, օրինակ, եթե Մոսկվան տուն վերադարձնի Բելառուս ուղարկած զինծառայողներին՝ դա մի տարբերակ է, եթե նրանք մնան Բելառուսում՝ դա միանգամայն այլ կացություն կլինի»,- ասել է Բաուերը:
Ըստ ծովակալի՝ Ռուսաստանը մինչեւ փետրվարի վերջ արդեն կունենա Ուկրաինա ներխուժելու համար անհրաժեշտ զինուժ, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք կդիմի ռազմական գործողության: Մոսկվան հավատացնում է, որ նման մտադրություն չունի: