Լիբանանահայ բժիշկ, ներզատաբան, բժշկագիտության դոկտոր Րաֆֆի Փոլադյանը Լիբանանի տնտեսության եւ առողջապահական համակարգի վիճակը ճգնաժամային է համարում: Երկիրը դժվար է դիմակայում կորոնավիրուսի հերթական ալիքին: Բժիշկ Փոլադյանը, որ օրական մի քանի տասնյակ վարակակիր հիվանդի է ընդունում, ժամանակ գտավ եւ պատասխանեց «Ալիք մեդիա»-ի հարցերին:
Մի քանի պատճառ կա. Լիբանանը արեւելյան երկիր է, արեւելյան ավանդույթները, կենցաղը, սովորություններն իշխող են այստեղ, ինչն էլ հանգեցրեց վարակակիրների մեծ թվի: Նոր տարուց առաջ մեր բոլոր կոչերն անտեսվեցին, եւ մարդիկ Նոր տարին տոնեցին ինչպես միշտ, հավաքվեցին մեծ խմբերով, երեկոներ կազմակերպեցին։ Մենք դրա հետեւանքը կանխատեսում էինք, եւ չուշացավ։ Քաղաքական պատճառներով երկրում ուշ արգելվեցին թռիչքներն այն երկրներից, որտեղից վտանգը գալիս էր: Լիբանանի առողջապահության նախարարին մշտապես ասվում էր, որ Անգլիայից, Եգիպտոսից, Ստամբուլից եկող թռիչքները պետք է դադարեցվեն. ոչ մի քայլ չձեռնարկեց: Արդեն մի քանի օր է՝ ինքն էլ վարակված է եւ հիվանդանոցում է: Առանց ամաչելու իր տանը տոնական հավաքույթ էր կազմակերպել՝ մտերիմներով, բժիշկներով. կողք կողքի նստած այդ նկարը նույնիսկ սոցիալական ցանցերում տարածվեց։ Հիմա հիվանդանոցում շարունակում է աշխատել, թղթերի հետ է գործ ունենում, այդ թղթերը շրջանառվում են, ձեռքից ձեռք են անցնում, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, ինչքանով է անվտանգ։
Արդեն ընդհանուր «լոքդաուն» է Լիբանանում, բայց ուշացած, միշտ ուշացած… Քաղաքական տարբեր կուսակցություններ մրցակցության մեջ են, ժողովուրդն է վճարում գինը: Բայց հիմա, որ վարակն արդեն ղեկավարներին է հասել, հուսամ լուրջ կվերաբերվեն։
Այո՛, դժբախտաբար, շատ մահեր կան նաեւ հայկական համայնքում՝ համայնքային գործիչներ, նշանավոր դեմքեր: Հայ բժիշկ գործընկեր էլ ունենք, որ այս պահին կենաց-մահու պայքար է մղում։ Ինչպես ամեն տեղ, առաջնագծում բուժաշխատողներն են: Բոլորս գերհոգնած ենք, գերծանրաբեռնված, անքուն: Չգիտենք՝ ինչքան կդիմանանք: Մահերը, ծանր հիվանդներն այնքան շատ են, որ ընկճվում ենք. մենք էլ մարդ ենք: Մինչեւ դեկտեմբերի 31-ը ես լավատես էի, բայց երբ տեսա, թե ինչպես ժողովուրդը «սանձերը արձակեց» եւ տրվեց խրախճանքի, զգացի, որ վիճակը լուրջ է, մարդիկ իրենք իրենց տները քանդեցին: Այն, ինչ կատարվում է այսօր Լիբանանում, քիմիական պատերազմի է նման, ոչ թե համաճարակի։
Մինչեւ հիմա իտալական օրինակն էին վկայակոչում, բայց Լիբանանը մեկ միլիոն բնակչության հաշվով վարակակիրների թվով գերազանցում է Իտալիայի անցյալ տարվա ցուցանիշը: Եվ դեռ վարակակիրների թիվն այստեղ ստույգ չէ, քանի որ հաշվվում է միայն ըստ թեստավորվածների, բայց կան բազմաթիվ վարակվածներ, որոնք առողջապահական համակարգի ուշադրությունից դուրս են: Նոր տարուց առաջ օրական դեպքերը հազար, երկու հազար էին, այսօր արդեն դրանք վեց հազարից անցնում են:
Լիբանանում վատ է նաեւ տնտեսության վիճակը: Բոլոր երկրներում կառավարությունները նպաստ՝ դրամ, ուտելիք, դեղորայք են բաժանում քովիդով հիվանդներին, լիբանանցիները զրկված են այդ ամենից: Բնակիչների դրամն էլ «բանտարկված» է բանկերում, մարդիկ խայտառակ վիճակում են, չեն կարողանում նույնիսկ իրենց դրամը հանել եւ օգտագործել: Հիվանդանոցների մեծ մասը մասնավոր է, պետական հիվանդանոցները քիչ են, եւ այս ծանր պայմաններում, բնականաբար, «սեւ» շուկան աշխուժանում է, փնտրվող դեղերը վաճառվում են «ձեռքի վրա», դեղերի խիստ պակաս կա: Ամենահասարակ պարացետամոլը, ասպիրինը, արյան շրջանառությունը կարգավորող դեղերը չկան, չքացել են: Եթե ինչ-որ բաներ էլ ձեռք են բերվում, բժիշկները չգիտեն՝ իրենց համար պահեն, թե հիվանդների, քանի որ ընկած է նաեւ բժիշկների իմունիտետը, նրանք էլ պետք է ոտքի վրա մնան: Բուժաշխատողների կարիք կա, մեր հաջորդ մեծ ցավը սա է, երկրից բժիշկների մեծ գաղթ եղավ, նոր ավարտածները բոլորը կանչված են հիվանդանոցներ, բայց փորձ չունեն:
Հիվանդանոցների մուտքերի մոտ անտանելի վիճակ է՝ վիճաբանություն, իրարանցում… Ժողովրդի մասին մտածող չկա, ժողովրդի թիկունքին մեկը չկա, ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում։
Ասեմ նաեւ, որ սա վիրուսի ոչ թե երկրորդ, այլ երրորդ ալիքն է Լիբանանում:
Այո՛, մենք արդեն ձեւափոխումների հետ գործ ունենք: Այսօր աշխարհում փոփոխված երեք տարբերակ կա: Առաջինը անգլիական տարբերակն է, որ շատ անողոք ու դաժան է, նույնիսկ ՊՇՌ-ի մեթոդով չի երեւում, բացասական է ցույց տալիս: Այն շատ ավելի արագ է տարածվում, քան մինչ այժմ հայտնի շտամները: Երկրորդ տարբերակը հարավամերիկյանը՝ ամազոնյանն է, երրորդ մուտացված շտամը կոչվում է աֆրիկյան: Երեքի միջեւ տարբերություններ կան. համի, հոտի կորուստը, շնչարգելությունն ու թոքաբորբը պարզ ախտանշաններ են բոլորի համար: Արդեն գործ ունենք աղիքային համակարգի վնասման եւ ռեւմատիկ ցավերի նմանվող ծանր ցավերի հետ: Վիրուսը միանգամից ի հայտ է բերում արյան մակարդելիության խնդիրներն ու դրան առնչվող հիվանդությունները: Ոմանք վիրուսի ձեւափոխումը համարում են բարեփոխում, բայց ես բարիք չեմ տեսնում այդտեղ: Մենք մի վիրուսի հետ գործ ունենք, որ ժամ առ ժամ անակնկալներ է բերում:
Այս պահին ելք չեմ տեսնում: Իմ հույսը միայն պոպուլյացիոն իմունիտետն է կամ, ինչպես ասում են, հանրային, ամբոխի իմունիտետը: Միակ փրկությունը դա եմ համարում: Եթե դրան հասանք, ով առողջ է, կհաղթի «ուժեղագույնն է հաղթում» սկզբունքով: Սա բնության պարզ օրենք է: Ովքեր հիվանդություններ ունեն, վտանգված են:
Երբեմն վիրուսը ծանրորեն հարվածում է նաեւ ուղեկցող հիվանդություններ չունեցողներին. այսօր տասնինը տարեկան երիտասարդի մահ ունեցանք: Ըստ տվյալների՝ չուներ որևէ հիվանդություն, բայց քանի որ Լիբանանում դիահերձում չկա, այս առումով էլ ստույգ տվյալներ չենք կարող ունենալ: Մեր երկիրը տասնութ կրոնական դավանանքներից է կազմված, ամեն համայնք (այդ թվում՝ հայերը) իր համայնքի անդամի մահվան դեպքում ինքն է կազմակերպում հուղարկավորությունը, դժբախտաբար, դիահերձում չկա, որ ավելի իրազեկված լինենք: Առողջապահական համակարգն էլ այնքան զբաղված է, որ չի կարողանում լուրջ հետազոտություններ կատարել: Դեռ շատ հարցեր հանելուկային են, հետազոտությունների կարիք կա:
Ես ուղղակի ծափահարում եմ Հայաստանին, չնայած պատերազմական վատագույն պայմաններին՝ կորոնավիրուսի ճգնաժամն այնտեղ ցնցումներ չբերեց, համակարգը դիմացավ: Այս առումով ես իսկապես շատ ուրախ եմ Հայաստանի համար, բայց Լիբանանն էլ իմ ծննդավայրն է, եւ այստեղի համար մեծ ցավ եմ ապրում:
Պատվաստանյութը Լիբանան կհասնի փետրվարի առաջին շաբաթը: Ըստ տեղեկությունների՝ բերվելու է «Պֆայզեր» ընկերության պատվաստանյութը, ինչը, իմ կարծիքով, հարմար չէ Լիբանանի համար: Լիբանանը էլեկտրականության ճգնաժամ ունի, իսկ այդ պատվաստանյութը պիտի պահվի -40 աստիճանի պայմաններում: Ավելի հեշտ պահպանվող պատվաստանյութեր են պետք Լիբանանի պես մի երկրում, որտեղ սառնարանները երբեք քսանչորս ժամ անընդմեջ չեն աշխատում: Օրինակ՝ հարմար է չինական, ռուսական, նույնիսկ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, բայց մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ այս վատ պայմաններում դեղագործական ընկերությունները կառավարությունների հետ արդեն իրենց շահերն ապահովել են։ «Պֆայզեր»-ի վերաբերյալ մի մտավախություն էլ կա. Նորվեգիայում այն փորձարկելուց հետո մահվան դեպքեր են եղել, մյուս պատվաստանյութերի դեպքում մահացության կամ բարդության դեպքեր դեռեւս չեն գրանցվել: Հուսանք, որ հաշվի կառնեն այս հանգամանքները, եւ չեն ընկնի նեղ շահերի հետեւից:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։