Լոռու մարզի Տաշիր եւ Օձուն համայնքներում տեխնոլոգիական կրթությունը զարգացնելու նպատակով պիլոտային ծրագիր կիրականացվի։ Նախաձեռնությունը «Իգոր Մուրադյանի քաղաքական եւ գիտական ժառանգության» հիմնադրամինն է։ Մոտ 450 երեխաներ կստանան կոնստրուկտորական գիտելիքներ, կսովորեն ինքնուրույն հայտնաբերել տեխնիկական խնդիրները, ինչպես նաեւ կազմել ավիամոդելների նախագծման եւ կառուցման անհատական պլաններ։
Ստեղծագործական կենտրոնները գործելու են դպրոցից դուրս։
«Կստեղծվի տեխնիկական բազա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտքի թռիչքը, գյուտերը, կկարողանան անմիջապես իրենց ձեռքով պատրաստել նմուշներ, փորձարկել, այնուհետեւ կտեսնեն արդյունքը, նաեւ իրենց սխալները կհասկանան։ Իսկ ոլորտի մասնագետները կգան, կուղղորդեն նրանց»,- նախաձեռնության մասին պատմում է «Իգոր Մուրադյանի քաղաքական եւ գիտական ժառանգության» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Հովակիմյանը, որը նախկին զինծառայող է, Արցախյան պատերազմի մասնակից։
Հայաստանում տեխնիկական կրթության բազան ընդլայնելուց եւ մասնագիտական աշխատուժ պատրաստելուց բացի՝ նշված ծրագիրը կնպաստի դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: Նրանք նաեւ ինտերակտիվ դասընթացների, մրցույթների եւ ինովացիոն ճամբարների միջոցով կծանոթանան գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը եւ մաթեմատիկային։
«Որպես նախկին զինծառայող՝ ես առնչվել եմ զինագործությանը։ Առաջին պատերազմի ժամանակ մենք որսորդական հրացաններով էինք կռվում, ժամանակները փոխվում են։ 2016-ին արդեն պարզ էր ամեն ինչ, երբ ԱԹՍ-ներ էին կիրառվում։ Էստեղ խնդիրը ոչ միայն ԱԹՍ-ն է, այլև դրա դեմ պայքարը։ Մենք պետք է մտածենք վեցերորդ, յոթերորդ սերնդի պատերազմի մասին, ոչ թե հետ գնանք անցյալ։ Ապագայի մասին պետք է մտածել, թե ոնց կանխել էդ ամենը»,- ասում է նախաձեռնության հեղինակը։
Ռաֆիկ Հովակիմյանը 2016 թվականից սկսած նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ներկայացուցիչն է եղել ԱՊՀ երկրներում։ Ասում է՝ Հայաստանի դպրոցներում արդեն իսկ գործում են այս լաբորատորիաներն ու «Սմարթ» սենյակները։ Այսինքն՝ համայնքներում համապատասխան ներուժ կա։ Եվ քանի որ «Իգոր Մուրադյանի քաղաքական եւ գիտական ժառանգության» հիմնադրամի կանոնադրության կետերից մեկը Հայաստանի զարգացմանը նպաստող գիտական, քաղաքագիտական, գյուտերի, նորամուծությունների ներդրման խրախուսումը եւ աջակցումն են, ուստի որոշել են կյանքի կոչել նշված նախաձեռնությունը։
«Իմ գործունեության ընթացքում շատ մարդկանց հետ եմ հանդիպել՝ ե՛ւ տեխնիկական կրթությամբ, ե՛ւ գիտնականների։ Նրանց հետ խոսելով, զրուցելով՝ եկել ենք համաձայնության, որպեսզի գան, էրեխեքին հունի մեջ գցեն, դասախոսեն, բացատրեն»,- նշում է Ռաֆիկ Հովակիմյանը։
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը կհամագործակցի Լոռու մարզպետարանի հետ։ Այդ նպատակով հունվարի 14-ին հուշագիր է ստորագրվել, որի համաձայն՝ մարզպետարանը մինչեւ 2027 թվականի ապրիլ հիմնադրամին աջակցելու է ուսումնական ծրագրերի ներդրման եւ իրականացման հարցում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։