Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը Հայաստանի առաջին մանկական պետական թատրոնն է։ «Լենինականի տիկնիկների թատրոնի» ծննդյան վկայականը համարվող առաջին անգույն ազդագիրն է հաստատում՝ առաջին ելույթը 1935 թվականի գարնանն է եղել։
Շուրջ 9 տասնամյակ առաջ փոքրիկ հանդիսատեսի հետ տիկնիկներն առաջին անգամ խոսել են «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին» եւ «Տիկնիկների պարեր» ներկայացումներում։
Թատրոնը հիմնել է հայկական մշակույթի երախտավոր, ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանը։ Հնաբնակներն ասում են՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը Գյումրիում հիմնադրելը պատահականություն չէ։ Գյոզալյանը նախընտրել է Լենինականը որպես ավելի մեծ բազա ունեցող մշակութային հնօրյա քաղաք։
Թատրոնն իր զարգացման երկրորդ հզոր փուլը թեւակոխել է մեկ տասնամյակ անց՝ վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանի մուտքով, որի անվամբ էլ հետագայում անվանակոչվեց այն։ Այնուհետեւ տիկնիկայինում ներկայացումներ են բեմադրել Վարդան Աճեմյանը, Կոնստանտին Գեւորգյանը, Լեոնիդ Հարությունյանը եւ շատ այլ մեծանուն արվեստագետներ։ Ձեւավորվել է տիկնիկավար-դերասանների հիմնական կազմը, որոնցից շատերն էլ մինչ օրս հաճույքով խաղում են մանուկների համար։
Կես դարը վաղուց է անցել, ինչ դերասան Գառնիկ Պետրոսյանն աշխատում է տիկնիկային թատրոնում։ Այսօրվա պես հիշում է առաջին դերը՝ «Ագահ մարդը» ներկայացման մեջ ծառաբնակ մարդու կերպարը։ Թե քանի կերպար է խաղացել, հաշիվը վաղուց է մոռացել։ Ներկայացում է եղել՝ մի քանի կերպարով է հանդես եկել։ Տիկնիկայինում խաղալը հրաշք է համարում։ «Աշխատել եմ հինգ թատրոններում, բայց պտտվել ու իմ տեղը, ասելիքը տիկնիկայինում եմ գտել։ Դա մի սեր է, որը երբեք չես կորցնում»,- ասում է դերասանը։
«Սերնդափոխությունն անցնցում է տեղի ունենում տիկնիկայինում,- վստահեցնում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը,- երիտասարդ դերասանները մեծահասակներից սովորելու շատ բան ունեն։ Այնքան հաճելի է բեմում իրար կողքի տեսնել սկսնակ եւ ութսունն անց դերասանների համագործակցությունը»։
Երիտասարդ ղեկավարը կարեւոր է համարում պահպանել հինը, բայց չեն վախենում նորարար ու ժամանակակից լինելուց։ «Կարմիր գլխարկով գայլը» նոր լուծումներով հետաքրքիր ներկայացում էր մանուկ հանդիսատեսի համար։ Այն ընթանում է կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Նորարարության եւս մեկ հաջողված փորձ էլ արվել է «Վայ, Հուռի՛, վա՛յ» ներկայացման մեջ, որտեղ առաջին շերտում կենդանի դերասաններն են խաղում, երկրորդում՝ տիկնիկ ու դերասան, երրորդում՝ միայն տիկնիկ։
«Մենք երեխայի հոգու հետ ենք խոսում։ Այսօրվա երեխաները չափազանց տարբեր են իրենց պահանջներով։ Մտավախություն կար, որ երեխային չենք կարող կտրել համացանցից ու ժամանակակից մուլտերից։ Բայց երեխաների ոգեւորությունը մեր ձգտումն ավելացնում է»,- ասում է տիկին Մանուկյանը։
Հարակից սենյակում, դերասանական անձնակազմից ոչ պակաս ոգեւորությամբ, տիկնիկագործ Աշոտ Եդիգարյանն է աշխատում։ «Նաղաշի լավաշը» ներկայացման Նաղաշին է շունչ ու կենդանություն տալիս։
Ասում է՝ նախագիծը կա, բայց որ մուսան եկավ, իմպրովիզացիայից չի խուսափում։ «Երեխաներն ավելի ուշիմ են, ամեն մանրուք նկատում են։ Հարկավոր է առավելագույնս մոտեցնել կերպարը երեխայի մտապատկերի հերոսին»,- աշխատանքից չկտրվելով՝ պատմում է վարպետն ու հրավիրում մոտ ապագայում տեսնելու ավարտուն Նաղաշին։
Կից դռների հետեւում նույնպես խիստ զբաղված են։ Նախագծված կերպարներն անցնում են հագուկապի վարպետների ձեռքի տակով։ Տիկնիկագործ-դերձակ Քնարիկ Նազարեթյանը 38 տարի է՝ ստեղծագործում ու կարում է ալիխանյանցի տիկնիկների համար։ «Երեխան տիկնիկին տեսնելով ճաշակ է ձեւավորելու։ Շատ կարեւոր է անընդհատ ինքնակատարելագործվելը։ Ժամանակի հետ մենք էլ ենք պարտավոր փոխվել մեր գործելաոճում։ Երեխաների պահանջը թելադրում է միշտ լինել նորարար»։
Հագած-կապած, կազմ-պատրաստ տիկնիկները բեմում են, դերասանները՝ վարագույրից այն կողմ։ Կոշկավոր կատուն է այս անգամ ներկայանում հանդիսատեսին։ Վարագույրից այս կողմ հանդիսականը հայտնվում է հեքիաթում։ Երեխաները պարում, ուրախանում, անհանգստանում ու բարու հաղթանակից հերթական անգամ ոգեւորվում են։
«Տիկնիկային թատրոնի շենքը փառահեղ շինություն է, քաղաքի պատմակամն միջուկում՝ ամենակենտրոնում։ Եթե հաշվի առնենք, որ առաջին տիկնիկային թատրոնն է, վերանորոգման դեպքում ե՛ւ որպես թատրոն, ե՛ւ որպես մշակութային կենտրոն կարող է գործարկվել բազմաֆունկցիոնալ նշանակությամբ՝ ապահովելով մշակութային հարուստ կյանք»,- ասում է Գյումրու մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Արտաքինից շքեղ շենքի տարածքի միայն 40-50 տոկոսն է օգտագործվում, մնացածը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։ Երկրորդ հարկում կա դահլիճ, որը չի օգտագործվում։ «Պետք է փոխել պատուհանները։ Կտուրից կաթելու պատճառով լուրջ վերանորոգման կարիք ունի հետին պատը»,- ասում է Թովմասյանն ու հավելում, որ համայնքապետարանի աղքատ բյուջեից կատարված հատկացումներով իրականացվել են որոշակի բարեկարգումներ ու համալրումներ։ Նախատեսվում են նաեւ դահլիճի վերանորոգում, լուսաձայնային համակարգի եւ գորգածածկի փոփոխություն։ Սուբսիդավորման է ներկայացված կտուրի վերանորոգման հարցը։
Լիլիթ Թովմասյանը եւս մեկ, դեռեւս թղթի վրա գտնվող նախագիծ է ներկայացնում․ քաղաքապետարանի մշակույթի բաժինը դիմել է պետական մշակութային դրամաշնորհի, որով նախատեսվում է տիկնիկայինի շենքի երեք կլոր պատուհաններին մշտապես ունենալ 3D անիմացիոն պատկերներ։ Նախագծի հեղինակները վստահ են, որ ակտիվ պատուհանները լրացուցիչ հետաքրքրությամբ քաղաք կհրավիրեն զբոսաշրջիկներին։
Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը եւս լավ նորություն ունի։ «Ֆյուր Արմենիան» բարեգործական հիմնադրամի միջոցով սոցիալական բազմաբնույթ ծրագրեր հովանավորող ‹‹C կվադրատ›› կազմակերպությունը աջակցելու է Գյումրու տիկնիկային թատրոնին։ Վերանորոգվելու է ընդարձակ ճեմասրահը։ Պատվո հյուպատոսը լիահույս է, որ գերմանա-ավստրիական կազմակերպության աջակցությունը կդառնա ամենամյա։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։