Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հարցում։
«Նախագահ Պուտինի եւ նախագահ Զելենսկիի հետ հանդիպումները հնարավորություն տվեցին առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կառուցման գործում»,- ասել է Մակրոնը Զելենսկիի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Մակրոնը նշել է, որ հույսը դնում է Ուկրաինայում հակամարտության կայունացման եւ լարվածության թուլացման վրա։
«Այս մտքերի փոխանակման արդյունքում ինձ հաջողվեց հասնել նրան, որ Պուտինը եւ Զելենսկին պարտավորություններ ստանձնեն խստորեն գործելու ըստ Մինսկի պայմանավորվածությունների»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Անտոնիու Գուտերեշը հավատում է խաղաղությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՄԱԿ-ը պահեստային ծրագիր ունի Ուկրաինայում պատերազմի դեպքում, հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համոզված է՝ Ուկրաինայում պատերազմ չի լինի։