Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ռուսական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Հարավային ռազմական շրջանում եւ Բելառուսում: ՌԴ զորքերը պատրաստվում են զորավարժություններ սկսելու նաեւ Միջերկրական եւ Սեւ ծովերում։ Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերություններում ճգնաժամի պայմաններում։
Ռուսաստանի հարավում զորավարժություններ են անցկացվում ՌԴ 8 շրջանի 15 զորավարժարանում, ինչպես նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ Զորքերը կգործեն նաեւ Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Ադիգեյում, Չեչնիայում, Դաղստանում, Կարաչաեւո-Չերքեզիայում, Հյուսիսային Օսիայում եւ Ինգուշեթիայում։
Ակտիվ փուլը կսկսվի փետրվարի 10-ին
Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծովային հետեւակի զորավարժություններ են տեղի ունենում նաեւ Ղրիմում, որտեղ մշակվում է դեսանտային ուժերից ափերի պաշտպանությունը։
Բելառուսում էլ շարունակվում են «Դաշնակցային վճռականություն-2022» մեծ զորավարժությունները։ Առայժմ դրանք զորքերի տեղակայման փուլում են, ակտիվ փուլը կսկսվի փետրվարի 10-ին։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 20-ից ռազմածովային ուժերի 4 նավատորմում իրականացվող խոշոր զորավարժություններին մասնակցում է 140 նավ, ինչպես նաեւ ավելի քան 10 հազար զինվորական։