«ՀարավայինԿովկասի վերաձեւումը, որը ավելի քան հինգ հազար մարդու կյանք արժեցավ, դարձավ փոփոխվող աշխարհակարգի յուրօրինակ խորհրդանիշ»,-գրում է շվեյցարական «Neue Zürcher Zeitung» պարբերականն՝ ընդգծելով, թե Թուրքիան այժմ բոլոր հնարավոր ուղղություններով վարում է ամբարտավան քաղաքականություն:
Սիրիա եւ Լիբիա կատարած ռազմական ներխուժումներից, ինչպես նաեւ Միջեկրական ծովի արեւելքում ուժի ցուցադրումից հետո Թուրքիան հիշել է իր «օսմանյան» վաղնջական շահերն ու արդեն քիթը խոթում է Կովկաս: Սակայն Անկարան բախվում է Ռուսաստանի նկրտումներին, որի հաշվարկները վերջին ժամանակներս նույնպես փոխվել են:
Դեռ մի քանի տարի առաջ Կրեմլը Թուրքիայի սանձը տեղնուտեղը կքաշեր ու թույլ չէր տա «իր սեփական բակում»՝ այսինքն՝ հետխորհրդային տարածքում տնօրինություն անել: Ընդսմին Ռուսաստանը հաշտվել է այն հակասական իրողության հետ, երբ որոշ բնագավառներում Թուրքիան իր աշխարհաքաղաքական հակառակորդն է, այլ ոլորտներում՝ իր կարեւոր գործընկերը: Երբ անհրաժեշտ է Թուրքիային դուրս մղել արեւմտյան ռազմական դաշինքից, օրինակ՝ նրան ռուսական ՀՕՊ համակարգեր վաճառելով կամ նոր գազամուղեր կառուցելով, Ռուսաստանն Անկարայի հետ ձգտում է մերձեցման: Լեռնային Ղարաբաղում (Արցախում) էլ Մոսկվան օգտապաշտական դիրքերից էր գործում:
Ռուսաստանը միանգամայն կարող էր աջակցել իր ռազմական դաշնակից Հայաստանին, սակայն Կրեմլը հասկանում էր, որ «ստատուս քվոյի» փոփոխությունը Կովկասում իր համար նոր, լայն հնարավորություններ է բացում: Ի վերջո նախագահ Պուտինը եռակողմ համաձայայնագրի ստորագրման միջնորդ հանդես գալով՝ մի փամփուշտով միանգամից երեք նապաստակ խփեց:
Նախ, նա ամրապնդեց տարածաշրջանում ուժի կարեւոր գործոն լինելու իր դիրքերը: Միայն Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցին դադարեցնել ռազմական գործողություններն ու ժամանակավոր նոր պայմանավորվածություն ձեռք բերել: Արեւմուտքն ու Թուրքիան այդ բանակցություններին չէին մասնակցում՝ բավարարվելով սոսկ վիճակագրի դերով: Ռազմական առումով նկատելի առավելություն ունեցող Ադրբեջանը, սակայն, պատահաբար ռուսական ուղղաթիռ խոցելով՝ վրեժի սպառնալիքի տակ ընդունեց կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը:
Երկրորդ, Ռուսաստանը համաձայնագրի ստորագրման պահից նոյեմբերի 10-ին առաջին անգամ հնարավորություն ունեցավ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) զորքեր մտցնել: Ադրբեջանական տարածքում հայկական անկլավը վերածվեց ռուսական պրոտեկտորատի՝ վրացական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կամ մոլդովական Մերձդնեստրի նման մի բանի: Ռուս խաղաղապահներն այժմ հսկում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, ինչպես նաեւ Հայաստանի հետ կապող միակ միջանցքը:
Ասյպիսով՝ Մոսկվան փոխեց ԼՂ-ի հայերի անվտանգությունն ապահովող Երեւանի նկատմամբ իր մոտեցումը եւ հիմա կարող է միանձնյա որոշել. «ո՞ղջ թողնել» արդյոք ինքն իրեն անկախ հռչակած Արցախի Հանրապետությանը, թե՞ ոչ:
Ադրբեջանը իհարկե, «մեծն հաղթող» դուրս եկավ այս պատերազմում, բայց նրա բերանում մի տեակ դառնահամ մնաց. իր տարածքում այժմ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Խորհրդանշական է, որ Մոսկվան խոչընդոտեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում) թուրքական խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարի իրականացումը: Հիմա Թուրքիան կարող է այնտեղ միայն դիտորներ ուղարկել, որոնք անմիջականորեն հակամարտության տարածք մուտք չունեն:
Երրորդ, Կրեմլը լավ դաս տվեց իր «կրտսեր հայ գործընկերներին»: Հայաստանը ռազմական դաշինք էր կապել հետխորհրդային տարածքում, բայց իբրեւ կամակատար պետություն նա իրեն լավ չէր պահում. 2018-ին երկիրը մոլեգնում էր փողոցային բողոքներից, որի արդյունքում իշխանության եկավ «ժողովրդական տրիբուն» Նիկոլ Փաշինյանը: Կրեմլը դա գնահատեց իբրեւ իր համար սարսափելի «գունավոր հեղափոխություն», իսկ Փաշինյանին՝ Արեւմուտքի համակրանքը վայելող «անպատասխանատու ամբոխավարի»: Փաստը, որ Մոսկվան երկար ժամանակ սպասում էր՝ հետեւելով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ծավալված պատերազմին, մասամբ կապված է Երեւանի հետ փչացած հարաբերությունների հետ:
Պուտինը Փաշինյանին ստիպեց դողալ եւ հարկադրեց համաձայնել կրակի դադարեցման պայմաններին, որոնք ստորացուցիչ կապիտուլյացիայից չէին տարբերվում: Դա չափազանց թուլացրեց Փաշինյանի դիրքերը, ընդ որում՝ միանգամայն անդառնալիորեն:
Հայկական վերնախավի գերակշիռ հատվածը պահանջում է նրա հրաժարականը, եւ նրա անկումը Կրեմլի համար լրացուցիչ բավարարություն կլիներ: Ռուսաստանը հայերին հիշեցրեց, որ ինքն «ավագ եղբայր» է, եւ որ իր կամքից է կախված նրանց բարեկեցությունը: Ռուսական դաշնային անվտանգության ծառայության զորքերը վերջերս սկսել են վերահսկել ոչ միայն Իրանի ու Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ սահանները: Ի թիվս այլեւայլի, նրանք վերահսկում են հայկական անկլավի միջով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ցամաքային միջանցքը, ինչին պատերազմում պարտված հայերը ստիպված էին համաձայնել:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը