ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների եւ լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին։ Զեկույցում մանրամասն վերլուծված են վիճարկվող կարգավորումների հիման վրա կիրառվող սահմանափակումների իրավաչափությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ ներկայացված են լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքի ապահովման կանոններ:
Պաշտպանը զեկույցում ընդգծել է այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է առաջնորդվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:
Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում։
Հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ սահմանափակումները հիմնավորելիս
Պաշտպանն ընդգծել է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաեւ կանխատեսելի չեն հենց իրենց՝ լրագրողների համար:
Լրագրողները պատշաճորեն չեն իրազեկվել իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների, դրանց թվում՝ սահմանափակումների սահմանների, ինչպես նաեւ այդ սահմանափակումներին չհետեւելու դեպքում բացասական հետեւանքների վերաբերյալ:
Անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է իրավիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, որոնց թվում՝ Կառավարության եւ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ:
Նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքներ
ՄԻՊ-ի զեկույցում նաեւ մանրամասն վերլուծված է ԱԺ-ում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, դրանց թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր եւ այլն):
Պաշտպանը շեշտել է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով եւ առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:
Սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ԱԺ անվտանգության ապահովումը հիմնարար կարեւորություն ունի, սակայն լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաեւ Սահմանադրական դատարան. վիճարկվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ եւ 81-րդ հոդվածներին: