ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Ի՞նչ օրակարգով են Վիեննայում հանդիպելու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները» հարցին, նշել է, որ քննարկումներ կլինեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ։ Պաշտոնական Անկարայից դրա վերաբերյալ եկող ազդակներն, ըստ Միրզոյանի, առավելապես դրական համատեքստում են:
Ինչ վերաբերում է Անթալիա մեկնելու թուրքական կողմի հրավերին, Միրզոյանը նշել է, որ Վիեննայի հանդիպման արդյունքից է կախված՝ կգնա՞ ՀՀ պատվիրակությունը Անթալիա, թե՞ ոչ:
Երկկողմ հայտարարությունները պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ արտգործնախարարը հաստատել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչություն կանչվելու մասին տեղեկությունը: Ըստ Միրզոյանի՝ Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելուց հետո նրան փոխանցել են հայկական կողմի այն համոզմունքները, որ միմյանց մասին երկկողմ հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։
Կոնյուկին հայտնել են նաեւ` նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնվեն միմյանց շահերը, սուվերենությունը, ինչպես նաեւ իրավապայմանագրային եւ մյուս դաշտը, որոնց հիման վրա երկու երկրները համագործակցում են։
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։
ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ, այնուամենայնիվ, համապատասխան պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ են տարբեր միջազգային հարթակներում շարունակելու հնարավորինս աջակցել Բելառուսին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ»։