Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջը լարվածության թուլացումը, որի մասին այդքան խոսում ու գրում են ՌԴ արեւմտյան գործընկերները, հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն Ուկրաինային օդուժի հետ համատեղ վարժանքներն ու զինամթերքի մատակարարումը, նրա տարածքից հետ կանչեն արեւմտյան ռազմական խորհրդատուներին եւ հրահանգիչներին, դուրս բերեն ավելի վաղ մատակարարած արտասահմանյան զինամթերքը:
Ռուսաստանը C-400 հրթիռային համակարգեր է տեղափոխել Բելառուս
Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պատրվակով C-400 հրթիռային համակարգեր է տեղափոխել Բելառուսի արեւմտյան Բրեստի շրջան։ Մի քանի փուլով անցկացվող զորավարժությունների մասին ավելի վաղ հայտարարվել է, որ դրանք ավարտվելու են փետրվարի 20-ին։
Ռուսաստանը Բելառուսի արեւմտյան եւ հարավային շրջաններ է տեղափոխել շուրջ 30 հազար զինծառայողների, հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրթիռահրետանային համալիրներ, օդուժ՝ նոր սերնդի կործանիչներ ու մարտական ուղղաթիռներ։
Ուկրաինան եւ Արեւմուտքը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու դեպքում կարող է օգտագործել նաեւ Բելառուսի տարածքը։
Նախօրեին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքը Բելառուսից կհեռանա։ Պեսկովը հավելել է, որ ՌԴ զորքերի՝ Բելառուսում մնալու մասին երբեք ակնարկ չի եղել։