Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողների ճնշող մեծամասնությունը հողերը պարարտացնում է միայն ազոտական գրանուլացված պարարտանյութով։ Տարեսկզբին տարածված լուրը, որ ազոտական պարարտանյութը թանկանում է ոչ ավելի, ոչ պակաս, եռակի անգամ, հաստատեց էկոնոմիկայի նախարարը։
Հետևանքն ակնկալելի էր՝ գյուղացիները շտապեցին հայտարարել՝ էլ հող չեն մշակելու։ Առանց այն էլ շահույթ չեն ստանում, հիմա էլ մեկ հեկտարի հաշվով ծախսերն ավելանում են մոտ 100000 դրամով։
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուները վստահեցնում են՝ գյուղատնտեսության ոլորտում անելանելի իրավիճակ չկա։ Փորձը ցույց է տվել, որ ճկուն ու հաշվարկված գործելաոճի դեպքում հողագործությունր (երկրագործությունը) եկամտաբեր է։
«Տարիներով փորձված ու երբեմն իրեն չարդարացրած ազոտական պարարտանյութին այլընտրանք կա»,- շեշտեցին սելեկցիոն կայանի մասնագետները Գյումրիում կայացած տեղեկատվական դասի ընթացքում։ Նախաձեռնությունն իրականացրել էր «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերությունը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։
Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի գյուղատնտեսների համար իրականացվեց հեղուկ եւ ջրալույծ պարարտանյութերի կիրառման վերաբերյալ տեղեկատվական դասընթաց։ Մասնագետները կիսվեցին ընկերության կատարած փորձի եւ աշխատանքի արդյունքներով։ Հանրամատչելի եւ դիդակտիկ պարագաներով մանրամասն ներկայացվեցին հեղուկ եւ ջրալույծ պարարտանյութերի կիրառման առանձնահատկություններն ու առավելությունները:
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը տեղեկացնում է, որ դասընթացը ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինն է Շիրակի մարզում։ Նա խիստ կարեւոր է համարում, որ ծրագիրը գործում է ոչ միայն Շիրակի, այլեւ Լոռու եւ Տավուշի մարզերի գյուղատնտեսների համար։
«Քանի որ ազոտական պարարտանյութը թանկացել է, փորձել ենք դասընթացի միջոցով խրախուսել այլընտրանքային պարարտացման միջոցներից օգտվելը։ Եթե գյուղում մեկը սկսում է առաջինն օգտվել որեւէ նորարարությունից, օրինակը վարակիչ է դառնում, մյուսները եւս սկսում են գործածել։ Պետք է օրինակով ցույց տալ, որ մարդիկ սկսեն օգտվել հեղուկ պարարտանյութից»,- վստահեցնում է ծրագրի ներկայացուցիչն ու օրինակ բերում գյուղական հյուրատներ գործարկելու հաջողված փորձը։
«Գյումրի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերության տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը դասընթացի մասնակիցներին վստահեցնում է, որ միայն խելացի եւ հաշվարկված գյուղատնտեսությունն է արդյունավետ։
«Կարեւոր է հաշվի առնել, որ հող մշակելու նպատակը նվազագույն ներդրումով առավելագույն արդյունք ստանալն է։ Նախ պետք է հողի անալիզ անել, հասկանալ՝ ինչ է մեզնից պահանջում վարելահողը, որի վրա հիմնվելով միայն կազմել պարարտացման սխեմա»,- ասում է Մարտիրոսյանն ու հողօգտագործողներին կոչ անում կոտրելու տարիներով արմատացած կարծրատիպն ու օգտվելու ջրալույծ եւ հեղուկ պարարտանյութերից։
Մասնագետի խորհուրդը սեփական փորձի վրա է հիմնված: Սելեկցիոնում փորձարկել են այլընտրանքային պարարտանյութն ու գոհացուցիչ բերք ստացել։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերության արտադրության գծով տնօրենի տեղակալ Վասպուրական Մելիքյանը կարեւոր է համարում, որ ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները, որոնք թեկուզ 1000 մետր քառակուսի հող են մշակում, ստանան պատշաճ մասնագիտական խորհրդատվություն։
Ասում է՝ առանց մշակվելիք հողի պահանջները լսելու ազոտական պարարտանյութը լցնում են հողն ու մնում ձեռնունայն։ Տեղեկատվության պակասն է նաև, որ հողագործը չի ուզում օգտվել հեղուկ պարարտանյութից։
Շուկայում պարարտանյութերի գները դեռեւս չեն կայունացել։ Առայժմ Սելեկցիոն կայանի մասնագետները հստակ գին չեն կարող նշել, բայց որ հեղուկ պարարտանյութը ազոտականից կրկնակի-եռակի էժան ու ավելի արդյունավետ կլինի, վստահ են։
Թե ինչ արդյունք կտա դասընթացը, կօգտվեն գյուղացիական տնտեսություններն այլընտրանքային պարարտանյութից, թե կսպասեն ազոտականի էժանացմանը, պարզ կդառնա գարնանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։