Թուրքական «Milliyet» օրաթերթը հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուսական ռազմական նավերն անցնում Բոսֆորի նեղուցով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ը զինվորներ էր տեղակայել Ռումինիայում, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը նախօրեին Միջերկրական ծովում գտնվող իր ռազմական նավերը տեղափոխեց Սեւ ծով։
Մինչ Երրորդ համաշխարհային պատերազմի կամ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գրավման վախը գնալով ուժգնանում է, աշխարհը հետեւում է հակամարտող կողմերի ռազմական տեխնիկաների ամենամեծ ցուցադրությանը։
Ռուսական բանակը Եվրոպայում իր միակ դաշնակից Բելառուսի հետ նախաձեռնել է տասնօրյա զորավարժություն։ Ռուսաստանը 30000 զինվոր է ուղարկել Ուկրաինայի հյուսիսում գտնվող Բելառուս։ Այստեղ, բացի «Իսքանդեր» հրթիռային համալիրներից, տեղակայել է նաեւ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, Su-35 եւ Su-25 ռազմական օդանավեր։ Զորավարժությունների կրակադաշտերը բավականին մոտ են գտնվում Ուկրաինայի սահմանին։
ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Գերասիմովը նույնպես գտնվում է Բելառուսում, հայտնում է պարբերականը։
Ուկրաինայի բանակը եւս, ի պատասխան ռուս-բելառուսականի, փետրվարի 10-ին սկսում է իր զորավարժությունները։ Ուկրաինայի ռազմատեխնիկայի ցուցադրության հետ կապված ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են լինելու թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ զորավարությունների ընթացքում «Բայրաքթարները» եւս օդ են բարձրացվելու։