Ըստ Թուրքական «Sabah»-ի՝ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանը վերանայել է Օսման Կավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը, որը մեղադրվում էր 2013 թվականի Գեզի այգու զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման համար։ Վերանայումից հետո դատարանը որոշում է կայացրել Կավալայի ազատազրկման որոշումը երկարաձգել։ Փաստաբանների՝ կալանավորման որոշման բողոքարկումը դատարանը մերժել է։
Կավալայի գործով հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 21-ին։
Թուրքիայի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանավորված անձի դատական գործը պետք է ամիսը մեկ անգամ վերանայվի։ Փետրվարի 10-ին Օսման Կավալայի գործի հերթական վերանայումն է կայացել, որոշումն անփոփոխ է մնացել։
Որոշման մեջ նշվել է, որ Կավալայի իրավական կարգավիճակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, կասկածյալի՝ հանցանք գործելու վերաբերյալ հստակ ապացույցներ կան։ Իսկ կասկածյալին վերագրվող մեղադրանքի համար օրենքով նախատեսվող պատժի վերին սահմանին անդրադառնալիս նշվում է, որ դատական հսկողության միջոցառումները բավարար չեն լինի, այդ պատճառով կասկածյալը շարունակելու է մնալ կալանքի տակ, հայտնում է օրաթերթը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը