Ըստ իրանական IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի՝ Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով եւ ի վիճակի է թիրախները խոցել մինչեւ 1450 կիլոմետր հեռավորության վրա:
Վայրէջքի փուլում հրթիռը հակահրթիռային վահանի շրջանցման համար բավականաչափ դարձունակություն ունի, իսկ նոր կառուցվածքի շնորհիվ համարժեք դասի հրթիռի զանգվածը կրճատվել է մեկ երրորդով:
Իրանը 1990-ական թվականներից զարգացնում է սեփական հրթիռային ծրագիրը եւ որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Թեհրանը հրաժարվում է իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ բանակցություններ վարելուց՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ տարածաշրջանում իր ախոյանները համանման դասի հրթիռներով են սպառազինվել: