Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո:
Ըստ Փսաքիի՝ ԱՄՆ նախագահը այս շաբաթ պետք է զրուցի Եվրոպայի մյուս գործընկերների հետ եւս։
«Նախագահները խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի եւ դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվող զսպման միջոցների մասին»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
Փսաքին հավելել է, որ Մակրոնի՝ Մոսկվա ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել:
Ավելի վաղ բրիտանական կառավարությունում «Daily Mail»-ին հայտնել են, որ Մակրոնը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից առաջ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցելու փորձ անգամ չի արել։
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գնահատմամբ Մակրոնի այցը Մոսկվա թուլացրել է Ուկրաինայի պատճառով Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ ստեղծված լարվածությունը։ «Սակայն դա, այնուամենայնիվ, հրաշք չէր»,- շեշտել էր Բորելը: