Գյունթեր Գրասի վեպի հերոս թզուկ Օսկարը հոգեբուժարանի իր սենյակում բուժակից խնդրում է իր համար գնել «500 հատ անմեղ թուղթ»: Օսկարի խոսքում, սակայն, «անմեղ թուղթ» ձեւակերպումը դուրս է նյութի ֆիզիկական կամ քիմիական հատկություններից ու չափումներից: Թղթի անմեղությունը անհատի կամ հասարակության դեռ չգրված տեքստ-պատմություն է կամ մեկնարկող դատավարական գործընթաց, պատմական ժամանակաշրջանի գնահատական կամ էլ պարզապես սիրո մի պատմություն: Ամեն դեպքում թուղթն ամեղ է մինչեւ որոշակի մի պահ, իսկ ավելի ճշգրիտ՝ սահմանային մի իրավիճակ, քանի դեռ նրա վրա չի հայտնվել տեքստը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն այն «անմեղ թուղթն» էր, որ հերթական անգամ դրվեց մեր պետականության առջեւ: Դրվեց որպես պատմական հնարավորություն՝ խուսափելու եւ զերծ մնալու արկածախնդրական ու պատրանքային ընթացքից, որպես մի ելք «պատմականը հայրենիքից դեպի իրականը» խնդրում:
Բայց երեսնամյա անկախության պատմական փորձը ցույց տվեց, որ շատերի համար ավելի գայթակղիչ էր գնալ «անկախության անմեղությունը» խաթարելու, այլախեղելու ու կեղծելու ճանապարհով, որի վերջնակետը գահավիժումն էր դեպի երազային, անիրական ու անդառնալիորեն անցյալում մնացած հայրենիքի ստվերում պատսպարվելը: Եվ իհարկե, երաշխավորված այս անկումն ընթանում էր կեղծ հայրենասիրական գոռում-գոչյունի աղաղակների անքակտելի ուղեկցությամբ՝ համեմված խաշի սեղանների սխտորաբույր բաժակաճառերով ու ձոներով առ Տիգրան Մեծ ու ֆիդայիներ:
Եվ այսօր պատմական փորձը փորձանք դարձրած, տասնամյակներ շարունակ հասարակական գիտակցության դեգրադացիայի ակունքները սկզբնավորած «փրկիչները» սոցցանցային հարթակներից, եթերներից ու քաղաքական ամբիոններից ավելի ուժգին կոկորդ են պատռում դատարկաբան ճոռոմախոսություններով ու մեղավորների մանրախնդիր որոնումներով: «Էշերի սպարտակիադայի» օլիմպիական կանոններով իրականացնում են դիակապտության «հաղթարշավը»՝ բզկտելով ու ձեռքից ձեռք հանձնելով մի բուռ Հայաստանի Հանրապետությունը. մենք կրկին կանգնած ենք մեր «անմեղ թղթի առաջ՝ տեղ-տեղ պատռված, ճմռթված ու աղտոտված, բայց այդուհանդերձ, թեկուզ մեջընդմեջ, սպիտակ մնացած:
Եվ խնդիրն այս հանգրվանում, ինչպես եւ 1998-ին, դրանից առաջ եւ հետո էր, շարունակում է մնալ «շատ ավելի խոր եւ կապված պետականության հիմնադրույթների, պատերազմի եւ արժանապատիվ խաղաղության այլընտրանքի հետ»:
Շարունակելո՞ւ ենք կեղծել ու խեղել մեր ընթացքը, նետվելո՞ւ ենք արդյոք դեգերելու պատմական քառուղիներում՝ հենց այնտեղ էլ մնալու երաշխավորված ելքով, թե՞ մի բառով, մի խոսքով փորձելու ենք պահպանել իրատեսության պատառիկները, իրական ու առկա հայրենիքը գերադասելո՞ւ ենք արդյոք պատմական հիշողությամբ սնվելուց: Կարողանալո՞ւ ենք արդյոք, որպես հանրություն, որպես պետականություն, գտնել այն բանաձեւը, որը կլինի գոյության եւ արժանապատիվ խաղաղության եւ զարգացման գրավական:
Եվ այստեղ յուրաքանչյուրիս բաժին «անմեղ թուղթը» դրված է մեր առաջ, ընդ որում՝ բառիս բուն եւ նյութական իմաստներով, քանի որ յուրաքանչյուր տեքստ, որը հայտնվում է սպիտակ թղթի վրա, սկսում է իր ուրույն կյանքը՝ իր մարտահրավերներով, թիրախներով ու նպատակակետով:
Թղթի անմեղության սահմանները դուրս են ֆիզիկական կամ քիմիական չափումներից, բազմաշերտ են, համընդգրկուն:
Սպիտակ կամ անմեղ թուղթը կարող է լինել ինչպես անհատի կյանքի պատմություն՝ սկսած իր սաղմնավորման պահից, այնպես էլ պետականության ծնունդ ու հասարակության պատմություն: Կարող է լինել նաեւ դատավարական գործընթաց՝ անմեղության կանխավարկածի գերակայությամբ, եւ եթե խոսեցինք դատարանից, ապա «անմեղ թուղթը» նաեւ դեռ չգրված պատմություն է, պատմությունն էլ իր հերթին՝ դատավոր:
Պատահական չէ ի վերջո, որ «հիսթըրի (պատմություն)» բառը ծագում է հնդեվրոպական «վիսվիդ» արմատից, որը նշանակում է հենց դատավոր: