Գերմանական «Deutsche Welle» պարբերականը գրել է, թե Կիեւի գանգատներից հետո ԱՄՆ-ն Ուկրաինա ռուսների ներխուժումն այլեւս անհնար է համարում: Ուրեմն ինչո՞ւ է Կիեւը շարունակում զենք մատակարարելու կոչեր հնչեցնել, թեեւ ահռելի քանակի զենք-զինամթերք է ստացել եւ ստանում Արեւմուտքից՝ չհաշված ԵՄ-ի խոստացած ավելի քան 1 միլիարդ եվրո աջակցությունը:
Հարցերի հարցը հետեւյալն է. սա սոսկ Վլադիմիր Պուտինի ռազմավարությո՞ւնն է՝ ամեն գնով արգելել Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ ՌԴ ղեկավարն իսկապես նպատակ ունի ներխուժելու Ուկրաինա:
Սպառնալիքը բնութագրելու համար «մոտալուտ» եզրույթն այլեւս կիրառելի չէ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին նախորդ շաբաթ ռուսական միջամտության սպառնալիքը բնութագրելու համար «մոտալուտ» եզրույթն այլեւս կիրառելի չհամարեց՝ ոչ թե ըստ հետախուզության՝ իրավիճակի օբյեկտիվ գնահատականներով, այլ նրանով, որ ԱՄՆ-ը վստահ է Պուտինի մտադրությունների հարցում:
Եզրույթի կիրառումն ու Բայդենի վարչակազմի շիտակ հռետորաբանությունը զգալի տարաձայնություն էին առաջացրել պաշտոնական Կիեւի հետ: Մինչ Վաշինգտոնը ահազանգում էր ռուսական ներխուժման սպառնալիքի մասին, Զելենսկին ուկրաինացիներին հավատացնում էր, որ իրենց երկրի համար վտանգներն այնքան էլ սոսկալի չեն: Քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոյի գնահատմամբ՝ Կիեւի եւ Վաշինգտոնի միջեւ եղած տարբերություններն ավելի «ոճաբանության եւ շեշտադրման» մեջ են, քան ցանկացած այլ բանի:
Զելենսկիի հայտարարությունն առավել տարակուսելի էր, քանի որ ուկրաինական առաջնորդները, ներառյալ Զելենսկին, տարիներ շարունակ Արեւմուտքին հորդորել են չթերագնահատել Ուկրաինայի անկախությանը սպառնացող ռուսական վտանգը եւ արեւմտյան պաշտպանական համակարգերի տպավորիչ ցուցակ են ներկայացրել՝ ՌԴ-ի ցանկացած հարձակում կասեցնելու համար:
Մասնագետները նշում են, թե Զելենսկին փոխում է հռետորաբանությունը, քանի որ պատերազմի մասին խոսակցությունները միջազգային ներդրողներին անվստահություն են ներշնչում Ուկրաինայի հանդեպ:
Պատրաստեց Կարինե Դավոյանը